211652_close_icon
views-count1876 դիտում article-date 12:15 23-01-2021

Գեղարքունիքի մարզպետը դպրոցների տնօրենների հետ քննարկեց մարզի կրթական համակարգի առաջնահերթ խնդիրները

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում քննության առնվեցին կրթական համակարգի առաջնահերթ խնդիրները։ Խորհրդակցության սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։ Ապա մարզպետը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց տնօրեններին եւ կրթական համակարգի աշխատակիցներին՝ նրանց մաղթելով խաղաղ ու հաջողություններով լի աշխատանքային տարի։ Մինչ օրակարգային հարցերի քննարկումը՝ Գնել Սանոսյանն անդրադարձավ հետպատերազմական շրջանի կրթական համակարգի դերին ու նշանակությանը։ «Պատերազմում մեր կրած պարտության պատճառների մասին շրջանառվում են տարբեր կարծիքներ, սակայն իմ պատկերացմամբ պարտության հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք շատ բաց ու թերի կողմեր ունենք մեր կրթական համակարգում ու բոլորս ընդհանուր ուժերով պիտի փորձենք հնարավորինս արագ շտկել իրավիճակը, նորովի մոտեցում ցուցաբերենք արդի աշխարհի կրթական պահանջներին։ Արագ զարգացող աշխարհում որպեսզի մենք կարողանանք դիմագրավել արտաքին մարտահրավերներին, պետք է հզորանանք ու զարգանանք, ինչն անհնար է պատկերացնել առանց հզոր ու մրցունակ կրթական համակարգի ձեւավորման։ Հաշվի առեք, որ մեզանից յուրաքանչյուրից է կախված այդ կարեւորագույն պահանջի իրականացումը»,-նշեց մարզպետը։ Շարունակելով պատերազմական եւ հետպատերազմական շրջանների թեման՝ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց հանրակրթական դպրոցների տնօրեններին, մանկավարժներին, աշակերտներին ու ծնողներին՝ Հայոց բանակին ու առաջնագծին ցուցաբերած աջակցության, ինչպես նաեւ ռազմական գործողություններին մասնակցություն ցուցաբերելու համար։ «Ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել առաջին հերթին մեր դպրոցների այն տնօրեններին եւ ուսուցիչներին, ովքեր անձամբ ներգրավված են եղել մարտական գործողություններում։ Նաեւ ուզում եմ դրվատանքի խոսք ասել բոլոր տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին ու աշակերտներին, ովքեր նյութական ու բարոյական աջակցությամբ եղել են մեր բանակի կողքին, օժանդակություն ցուցաբերել Արցախից տեղահանված ընտանիքներին։ Խնդրում ու հանձնարարում եմ, որ առանձնակի ուշադրություն դարձնեք Արցախից տեղափոխված ընտանիքների երեխաներին, անեք հնարավորը, որպեսզի նրանք լիարժեք ներգրավվեն կրթական գործընթացում, ստանան հոգեբանական աջակցություն, հարմարվեն նոր միջավայրին։ Կխնդրեմ նաեւ՝ անձամբ այցելել զոհված, վիրավորում ստացած կամ անհետ կորած մեր զինվորների ընտանիքներ, զրուցել նրանց հետ, սփոփել ու քաջալերել նրանց, ցուցաբերել պահանջվող աջակցություն, նաեւ մեզ հուշել, թե ինչ կարգի օժանդակություն կարող ենք ցուցաբերել մեր կողմից։ Միաժամանակ առաջարկում եմ մեր զոհված զինվորների պատվին դպրոցներում ստեղծել փառքի անկյուններ, կազմակերպել Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներ»,-հանձնարարեց մարզպետը։ Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր համավարակի դեմ պայքարի միջոցառումներին, դասասենյակներում բավարար ջերմաստիճանի ապահովմանը։Գնել Սանոսյանը ցուցում տվեց՝ խստիվ պահպանել համավարակի դեմ պայքարի՝ օրենքով նախատեսված բոլոր կանոնները, որպեսզի հաջողվի համավարակը կանխարգելել թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների շրջանում։ «Շատ կարեւոր է նաեւ դասասենյակներում բավարար ջերմաստիճանի ապահովումը։ Ճիշտ է, որոշ դպրոցներում մենք դրա համար բավարար պայմաններ դեռ չունենք, սակայն պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրենք, որպեսզի խուսափենք սուր շնչառական հիվանդություններից ու դրանց տարածումից»,-շարունակեց մարզպետը։ Խոսք գնաց նաեւ օրենքով սահմանված կարգով դպրոցական շենքերի տարածքները վարձակալությամբ տրամադրելու, առարկայական օլիմպիադաների մարզային ու հանրապետական փուլերում բավարար արդյունք ապահովելու, տնտեսված միջոցները նպատակային օգտագործելու, փաստաթղթաշրջանառությունն ու գործավարությունը բարձր հիմքերի վրա դնելու, ուսուցիչների մրցույթների կազմակերպման նպատակով տրվող հայտարարությունները ժամանակին հրապարակելու եւ այլ հարցերի մասին։ Ապա մարզպետը լսեց դպրոցների տնօրեննեի կողմից բարձրացված հարցերն ու առաջարկները՝ տեղում քննարկելով դրանք ու տալով համարժեք պատասխաններ, ցուցումներ ու հանձնարարականներ։ Խորհրդակցության ավարտին Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց Արցախյան վերջին պատերազմում մարտական գործողություններին կամավոր մասնակցած դպրոցների տնօրեններին եւ ուսուցիչներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Գեղարքունիքի մարզպետը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ քննարկեց մարզի կրթական համակարգին վերաբերող ...

Опубликовано ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Пятница, 22 января 2021 г.

Նմանատիպ նյութեր