211652_close_icon
views-count6136 դիտում article-date 23:55 08-05-2022

Նիկոլ Փաշինյանի պոչը զվարթ տատանվում էր Չարենցի տան մի անկյունից մյուսը. Մարինե Պետրոսյան

Երեկ Չարենցի տուն-թանգարանում միջոցառում էր։ Արքմենիկ Նիկողոսյանը ներկայացնելու էր «Գիրք ճանապարհիի» բնագրային նոր հրատարակությունը և դասախոսություն էր կարդալու՝ ժողովածուին նվիրված։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:

«Հրավերը ստացա, որոշեցի՝ գնամ։ Չարենցի տանը կարոտել էի, Արքմենիկի հետ վերջերս մոտից շփվելու առիթ ունեցել և լավ տպավորություն էի ստացել։ Գնացի։ Գնացի ու էն տեսակ շոկի մեջ ընկա, որ տուն հասնելուց հետո երեկ անմիջապես աչքերս փակել եմ որ սիրտս չպայթի և իմ սովորական վեց ժամի փոխարեն էս գիշեր 14 ժամ եմ քնել։

Հիմա արթնացել եմ արդեն— չէ, սիրտս չի պայթել— ու մի երկու բառով ուզում եմ պատմել երեկ ինչ եղավ։ Արքմենիկ Նիկողոսյանը մոտ մեկ ժամ դասախոսում էր «Գիրք ճանապարհի» ժողովածու մասին—խոսում խոսում խոսում էր—և էդ խոսքի մեջ ոչ Չարենցը կար, ոչ Չարենցի ժամանակը կար, ոչ Չարենցի ապրած ողբերգությունը կար։ Բա ի՞նչ կար։

Կար Նիկոլ Փաշինյանի պոչը, որը դասախոսության ժամանակ թևածում էր սենյակի մի ծայրից մյուսը։ Արքմենիկ Նիկողոսյանի ասելով՝ «Պատմության քառուղիներով»-ի «Մահվան տեսիլում» Չարենցը ցույց ա տվել, թե ինչ աղետ ա լինում, երբ մենք պետական շահը նույնացնում ենք ազգային շահի հետ։ Էս շշմելու միտքը մեկի տեղ մի քանի անգամ կրկնվեց։ Լսում էի ու ականջներիս չէի հավատում։

Մի պահ ուզեցի արդարացում գտնել, ինքս ինձ ասեցի՝ երևի Արքմենիկը Չարենցի բոլշևիկ լինելը նկատի ունի, բոլշևիկները ոչ թե ազգային պետություն, այլ կոմունիզմ էին չէ՞ կառուցում, իրանց համար իսկապես պետական շահը ազգային շահի հետ պարտադիր չի որ բռներ, կարող էր նույնիսկ հակադրվել։ Բայց չէ, ինչ կոմունիզմ, ինչ բոլշևիզմ, Արքմենիկի երկար դասախոսության մեջ դրանց մասին կես բառ անգամ չեղավ։ Արքմենիկը պնդում էր, թե Չարենցը պետականամետ էր և որպես Չարենցի պետականամետության դրսևորում նշում էր մեր պետական շահը մեր ազգային շահի հետ չնույնացնելը։ Ահա թե ինչ․․

Եվ Նիկոլ Փաշինյանի պոչը զվարթ տատանվում էր Չարենցի տան մի անկյունից մյուսը։ Տեսնես ո՞ւմ ազգային շահի հետ ա ուրեմն նույնանում նիկոլփաշինյանական Հայաստանի պետական շահը։ Հը՞։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր