Երեք նախկին նախագահների հանդիպումը քաղաքական վերածննդի նշան է, պետությունը փրկելու համար պետք է դուրս գալ «թալանի» պրիմիտիվ դիսկուրսից. Մարինե Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Tert.am-ը գրում է. Պարտվել ենք, վտանգը մեծ է, և դեպքերի այս արագությունը վախեցնում է, մենք կարող ենք դուրս մղվել քարտեզից. չէի պատկերացնի, որ Հայաստանը՝ որպես պետություն, կարող է կանգնել կորստյան վտանգի առաջ, միշտ ինձ ամուր եմ զգացել իմ հողում, պատկերացրել եմ, որ ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:
«Ես Հայաստանի ուժին միշտ հավատացել եմ, հիմա էլ եմ հավատում: Ժողովուրդը սխալվեց, մենք բոլորս ենք բերել Նիկոլ Փաշինյանին: Այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամ է: Փաշինյանն անընդհատ ասում էր՝ ես աննախադեպ եմ, բայց զրոյացրեց մինչև իրեն եղած ամբողջ պատմությունը, Երրորդ հանրապետությունը: ՀՀ նախկին երեք նախագահները հանդիպել են, դա շատ ուրախալի է, նրանք բոլորը ներկայացնում են մեր պետությունը, որը Փաշինյանը զրոյացնում է»,- ասել է բանաստեղծուհին:
Ըստ Պետրոսյանի՝ պետք չէ հույս դնել ժողովրդի բնազդի վրա, այն չի կարող առաջնորդել. «Հինգ ամիս է՝ չի հաջողվում հեռացնել Փաշինյանին, սարսափում եմ, երբ տեսնում եմ նրա պաշտպաններին, որոնք կան՝ բացի վարչական ռեսուրսով հրապարակ բերվածներից: Նրանք ասում են՝ բա հո թալանչիներին չե՞մ ընտրելու, դա իդեա-ֆիքս է, թալանված լինելու զգացողությունը հատուկ է աղքատ երկրներին, որից բոլշևիկներն էին առատորեն օգտվում: Այն սկսվել է դեռևս Տեր-Պետրոսյանի օրոք: Մենք անկախության առաջին տարիներից պիտի քաղաքական դիսկուրս սկսեինք՝ ի՞նչ կապիտալիզմ ենք ընտրում»:
Հրապարակախոսի կարծիքով՝ Փաշինյանի թիմը կարծում է, թե մեր վատ ավանդույթները խորհրդային անցյալից են գալիս, պետք է ամեն ինչ Արևմուտքից վերցնել, ինչը մեծ մոլորություն է. «Նոր սերունդը ժողովրդավարությունն ընկալում է իբրև բացարձակ արժեք, մինչդեռ այն ընդամենը միջոց է: Կան իրավիճակներ, երբ պետք է ուժեղ իշխանություն: Նիկոլ Փաշինյանը կփորձի նախկինների և թալանի վրա խաղալ: Եթե ինչ-որ հրաշքով նա հեռացվի և արագ փոփոխություններ լինեն, Հայաստանում, միևնույն է, շատ խնդիրներ կմնան, մենք պետք է վերանայենք մեր կյանքը»:
Մարինե Պետրոսյանի պնդմամբ՝ Հայաստանի վերածնունդը լինելու է ոչ թե քաղաքական, այլ մտքի դաշտում, թեև երեք նախկին նախագահների հանդիպումը քաղաքական վերածննդի նշան է: «Մեզ թվում էր՝ Թուրանն անցյալ է, այն ներկա է, մենք կարո՞ղ ենք գոնե Թուրքիան ճանաչել: Մենք պետք է հասկանանք՝ որն է մեր ուժը, դա մեր միտքն է, և Սփյուռքը հնարավորություն է: Պետությունը փրկելու համար պետք է դուրս գալ թալանի պրիմիտիվ դիսկուրսից, պետք է հասկանալ՝ ինչպիսի՞ն պիտի լինի հայկական ուժեղ պետությունը, պարզվում է՝ լուծումը ժողովրդավարությունը չէր: Փաշինյանը փորձեց քանդեց հին համակարգը՝ տեղը ոչինչ չառաջարկելով: Այսօր չունենք ազգային անվտանգություն, բանակը պարտված է, նա փորձում է քանդել նաև եկեղեցին»,- ամփոփել է Մարինե Պետրոսյանը: