211652_close_icon
views-count3134 դիտում article-date 10:16 06-05-2022

Երկուսդ էլ ճիշտ եք․ մարդկանց ավելի շատ բան է միավորում, քան բաժանում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Միշտ վստահ էի եւ հիմա էլ եմ վստահ, որ ցանկացած գաղափար հնարավոր է արտահայտել զուսպ, կոռեկտ եղանակով: Դրանից այդ գաղափարի արժեքը չի տուժի, կտուժի միայն դրա գրավչությունը զանգվածների աչքերում: Օրինակ, եթե ուզում ես, որ Լեւոնին, Ռոբերտին, Սերժին կամ Նիկոլին ատողները քեզ սիրեն, ապա «պարտավոր» ես հիշյալ անձանց հանդեպ կիրառել այնպիսի բառապաշար, որը կխորացնի այդ ատելությունը: Բնականաբար, թշնամանքը պետք է տարածվի նաեւ ընտրված թիրախների, այսպես ասած, «սպասարկուների», օրինակ, ինչպես վերջերս «պարզվեց»՝ հոգեւորականների վրա:

Այս երկար տարիների ընթացքում զուսպ լինելու իմ կոչերը հանդիպում էին եւ շարունակում են հանդիպել ստանդարտ առարկությունների՝ «բա որ նրանք…», «սրանք արժանի չեն նորմալ բառապաշարի», «ես պայքարող տեսակ եմ, քո նման հարմարվող չեմ»: «Պայքարող տեսակի» մշտական վերարտադրությունը հասարակությանը բերում է մշտական պառակտման, տարբեր խմբերի՝ երբեք չմարող թշնամանքի: Դա տասնամյակների ընթացքում կրկնվող իրավիճակ է: Ներկա փուլի որոշակի առանձնահատկությունն այն է, որ այսօրվա իշխանությունը, իր անմիջական պարտականությունները թողած, կենտրոնացել է «նախկին իշխանությունների» դեմ պայքարելու՝ պետության տեսանկյունից անիմաստ ու անպտուղ գործի վրա: Սա կարելի է ասել, Փաշինյանի, նրա շրջապատի եւ ակտիվ երկրպագուների «բրենդն» է:

Բայց եթե այդ՝ 2018-ից հետո առաջացած նրբերանգը հաշվի չառնենք, ապա համապարփակ ատելության սերմանումը հատուկ է առաջին հերթին բոլոր տեսակի փողոցային ընդդիմադիր շարժումներին: «Մենք այստեղ պայքարում ենք, կռիվ ենք տալիս ոստիկանների դեմ, իսկ դուք անտարբեր կանգնած եք մայթերին: Ի՞նչ է, հայրենիքի փրկության գործը ձեզ չի՞ հետաքրքրում»: Բայց դա դեռ ոչինչ: Աստված մի արասցե, այս հեղափոխական ջոկատների ճանապարհին հանդիպի մեկը, որին իրենց շրջապատում թիրախավորել են որպես «իշխանության կողմնակից»՝ այդ մարդը կարժանանա սուլոցների, հայհոյանքների, քաշքշուկի: Այդպես էր Արմեն Մարտիրոսյանի դեպքում (որը, որքան հասկանում եմ, այսօրվա իշխանությունների կողմնակիցը չէ), նույն ճակատագրին է արժանացել դերասան Սոս Ջանիբեկյանը, որն իր հրապարակային ելույթներում աջակցություն է հայտնել իշխանությանը:

Կարեւոր է հասկանալ մի բան: Նրանք, ովքեր փողոցում ցույցեր են անում, նրանք ովքեր նստած են պալատներում՝ բարձր պարիսպների տակ, նրանք, ովքեր երկրորդներին պաշտպանում են առաջիններից, նրանք, ովքեր համակրում են առաջիններին կամ երկրորդներին, ինչպես նաեւ նրանք, ովքեր պարզապես անցորդներ են՝ բոլորը ՄԱՐԴԻԿ են, որոնք կարող են ունենալ իրենց տեսակետը: Այդ տեսակետը պետք է հարգել: Իրականում մարդկանց ավելի շատ բան է միավորում, քան բաժանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր