211652_close_icon
views-count53198 դիտում article-date 22:26 05-05-2022

Խոշոր ավտովթար Հրազդանում. ոստիկանության մարզային վարչության մոտ Toyota Vilnius ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության հարևանությամբ, 46-ամյա  Շահեն Մ.-ն իր վարած  «Toyota Vilnius» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհը բաժանող բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով   ուղևոր,  50-ամյա Գոհար Ն.-ն հոսպիտալացվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:

Օպերատիվորեն  դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, այնուհետև ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում: 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր