211652_close_icon
views-count1602 դիտում article-date 18:40 02-05-2022

Կայացավ լեգենդար մարզուհի Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված հոբելյանական՝  10-րդ ավանդական մրցաշարը

Երևանի հրաձգության մասնագիտացված մարզադպրոցում անցկացվեց մեծանուն մարզուհի Զինաիդա Սիմոնյանի հիշատակը հավերժացնող հոբելյանական ՝  10 –րդ ավանդական մրցաշարը: Կրակագիծ ելան մայրաքաղաքի, Վանաձորի և Գյումրիի նշանառուները:

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախաձեռնությամբ համաշխարհային մեծության աստղ Զինաիդա Սիմոնյանի  շիրիմ այցելեցին և ծաղկեփնջեր դրեցին հանգուցյալի երբեմնի թիմակիցներ, ներկայի գործող հրաձիգներ,մարզաձևի երախտավորներ . . .

Մինչ մրցումների մեկնարկը մասնակիցները լռությամբ հարգեցին ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի բազմակի չեմպիոնուհի և 53 ռեկորդների հեղինակ, հայ ժողվրդի ռուս դուստր Զինաիդա  / Զոլոտնիկովա / Սիմոնյանի հիշատակը:

Կրակագիծ ելած մարզիկների գործողություններում  նույնպես զգացվում էր հարգանքը հուշամրցաշարի նկատմամբ:

Հայտնի դարձան բոլոր զենքաձևերի հաղթողներն ու մրցանակակիրները: Թերևս առանձնացնենք մեծ չեմպիոնուհու նախասիրած օդամղիչ ատրճանակ զենքաձևը: Անմոռանալի է նրա բարձրագույն նվաճումը, երբ 40 կրակոցով վաստակեց 393 միավոր և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Նրա անվան հուշամրցաշարում  հաղթող ճանաչվեց մեր հավաքականի առաջատար, Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Էլմիրա Կարապետյանը: Նա 60 կրակոցով իր օգտին գրանցեց 566 միավոր, որը նույնպես լավ արդյունք է:

Նպատակ կա լուծում տալ  որոշ հարցերի, որը հնարավորություն  կընձեռի մրցաշարը միջազգային դարձնելուն:

Նմանատիպ նյութեր