211652_close_icon
views-count50292 դիտում article-date 14:41 02-05-2022

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալը, աշխատակազմի ղեկավարն ու պայթուցիկ սարքերի բաժնի պատասխանատուն կասկածվում են «Հրազդան» բժշկական կենտրոնում խուլիգանություն կատարելու, բժշկին ու ոստիկանության ծառայողներին ծեծի ենթարկելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 30-ին մի խումբ անձանց կողմից «Հրազդան» բժշկական կենտրոնում վիճաբանություն-քաշքշուկ-ծեծռկուտքի փաստով։

Այդ օրը, ժամը 20։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մի խումբ անձինք իրենց բարեկամի՝ հիվանդ լինելու պատճառով Երևան տեղափոխելու համար վիճաբանության մեջ են մտել «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ շտապօգնության հերթապահ բժիշկ՝ 28-ամյա Ռուբեն Բաղդասարյանը, երբ փորձել է նրանց բացատրել հիվանդանոցի կարգը, այդ անձինք անհիմն հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին, ծեծի ենթարկել, կոտրել գույքը, խաթարել հիվանդանոցի բնականոն աշխատանքը։ 

Հարվածի արդյունքում Ռ. Բաղդասարյանը բուժօգնություն է ստացել «ճակատի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ։

Ժամերի ընթացքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ պարզել են դեպքի հանգամանքները։ 

Այդ օրը ոստիկանները, մեկնելով դեպքի վայր, տեղում նկատել են, որ հիվանդանոցի ընդունարանի դիմաց մի քաղաքացի բուժանձնակազմի հասցեին հայհոյանքներ է հնչեցնում, և նրա հետ եղել են ևս մի քանի  հոգի։

Ոստիկանները, մոտենալով նրանց, ներկայացել են, որ իրենք ոստիկանության ծառայողներ են, որի ժամանակ էլ նրանցից մեկը սկսել է ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հայկ Սողոյանին և ավագ տեսուչ Կարեն Պողոսյանին վիրավորել։ Սկսել է նաև նրանց ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ հնչեցնել, սակայն դրանից հետո ոստիկանները դարձյալ հորդորել են, որպեսզի նա չշարունակի նման վերաբերմունք ցուցաբերել, բայց օգուտ չի տվել։ 

Այդ ընթացքում ներկա գտնվողներից մեկը հրել է Հ. Սողոյանին, մոտեցել բժշկական կենտրոնի մուտքի դռների մոտ ու դարձյալ շարունակել հայհոյել ոստիկանության ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին։ 

Նույն ժամանակահատվածում մասնակիցներից երիտասարդը ձեռքերով հարվածել է Կ. Պողոսյանի մարմնի տարբեր մասերին։

Տաք հետքերվ ոստիկանները վիճաբանության մասնակիցներից մի քանիսին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են Ծաղկաձոր համայնքի բնակիչ՝ Ծաղկաձորի համայնքապետարանում որպես «Արծափ» ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավար, 32-ամյա Սահակ Սահակյանը, Ծաղկաձոր համայնքի բնակիչ՝ 54-ամյա Կորյուն Սահակյանը, ով աշխատում է «Մեղրաձոր գոլդ»-ում՝ որպես պայթուցիկ սարքերի բաժնի պատասխանատու, և Երևանի բնակիչ՝ 54-ամյա Արա Սարգսյանը, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ, կոչումով գնդապետ է։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր