211652_close_icon
views-count63634 դիտում article-date 21:48 05-05-2023

Սկանդալ՝ Գեղարքունիքի մարզում. Ճամբարակի քաղաքապետը կասկածվում է պարեկներին ծեծի ենթարկելու, պարեկային ծառայության ավտոմեքենան վնասելու մեջ. քաղաքապետն ու ևս 2 հոգի ձերբակալվել են. ժամանել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Ճամբարակ քաղաքի 3 բնակիչների նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ 3 անձինք քննիչի որոշմամբ ձերբակալվել են: Նրանք են Ճամբարակ համայնքի ղեկավար 40-ամյա Վազգեն Ադամյանը, նրա վարորդը՝ Ճամբարակ քաղաքի բնակիչ 36-ամյա Սամվել Նադարյանը, ով ոստիկանության նախկին գնդապետ, ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետ, գնդապետ Վարդան Նադարյանի ազգականն է և Ճամբարակ քաղաքի բնակիչ 29-ամյա Սևակ Ջառահյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայիսի 4-ին, ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկ Հուսիկ Հ.-ին Ճամբարակ քաղաքում ծառայության ընթացքում Սեպտեմբերի 21 փողոցում նկատել է, որ Toyota Raf 4 մակնիշի ավտոմեքենան խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները մեքենան կայանել է հետիոտնի համար նախատեսված անցման վրա, այնուհետև նշված ավտոմեքենան ստուգելու նպատակով Գարեգին Նժդեհ փողոցում պարեկի կողմից կանգնեցվել է, ինչից հետո վերջինս մոտեցել է վարորդին, ով հայտնել է, որ ինքը վարորդական իրավունքի վկայական այս պահին չունի, թողել է տանը: 

Այդ ամենից հետո ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, որոնց հետո միացել են 20-25 հոգի, սկսել են քաշքշել Հուսիկ Հ.-ին ու մյուս պարեկ Վահե Ք.-ին, նրանց հասցեին տվել հայհոյանքներ, իսկ հավաքվածներից մեկն էլ բռունցքով հարվածել է Վահե Ք.-ին: Պարեկները, տեսնելով, որ հավաքվածները չեն ենթարկվում իրենց օրինական պահանջին, չեն դադարեցնում հայհոյանքները, օրենքի սահմաններում կիրառել են արցունքաբեր գազ: 

Ահազանգով դեպքի վայր է ժամանում Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի գխավորությամբ: Ժամանում է նաև Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևանից Ճամբարակ է ժամանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդան Վարդանյանը: Ժամանում է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության վարչության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվում է հայտնաբերել Ճամբարակի համայնքապետ Վ. Ադամյանին, նրա վարորդ Ս. Նադարյանին և կռվի մասնակիցներից Ս. Ջառահյանին: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասվասել է նաև Պարեկային ծառայության ավտոմեքենան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր