211652_close_icon
views-count2241 դիտում article-date 20:38 28-04-2022

Բորիս Բախշիյանն ազատ կարձակվի. ԱԱԾ-ն նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացրել. hetq.am

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել: Այս մասին hetq.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտից:

Բորիս Բախշիյանը կալանավորվել է 2022 թվականի փետրվարի 7-ին՝ երկու ամիս ժամկետով, որից հետո կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով, այսինքն՝ մինչև մայիսի 7-ը:

Քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն»: Տվյալ դեպքում ստացվում է, որ ապրիլի 27-ը օրենքով սահմանված վերջին օրն էր, որ ԱԱԾ-ն կարող էր դատավորի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնել, ինչը չի արվել:
 
Սա նշանակում է, որ կալանքի ժամկետը լրանալու օրը՝ մայիսի 7-ին, երեք ամիս կալանքի տակ մնալուց հետո Բախշիյանն ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ դատավորը մեղադրվում է իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով մեղադրյալ Նվեր Մկրտչյանի մասին է: Վերջինս չի ներկայացել գործով նշանակված դատական նիստին: Մկրտչյանի պաշտպանը նիստից առաջ դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքն անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ պաշտպանյալն առանց իրեն չի ցանկանում մասնակցել նիստին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր