211652_close_icon
views-count1461 դիտում article-date 17:16 28-04-2022

Արցախի 40 մետրանոց դրոշով երթ իրականացվեց մարզահամերգային համալիրի տարածքից դեպի Ազատության հրապարակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համախմբման գաղափարը կարևորելով` ապրիլի 27-ին Արցախի 40 մետրանոց դրոշով երթ իրականացվեց մարզահամերգային համալիրի տարածքից դեպի Ազատության հրապարակ։ Գործող իշխանության հեռացումը պահանջելով՝ մասնակիցներն անցան Երևանի փողոցներով, իսկ նրանց կոչերին միացան անցնող մեքենաներն ազդանշաններով։

«Այսօրվա խորհուրդը համախմբումն է հանուն պայքարի, որ հայն իր հայրենիքի տերը մնա, որ հասկանա՝ այս երկիրը մի քանի հոգու մենաշնորհը չէ, ամեն մարդ պետք է տեր կանգնի իր հայրենիքին: Եթե մենք նստում ենք մեր տներում և հետո բողոքում, որ իշխանությունները հերթով գալիս իրար ձեռքից խլում են մեր հայրենիքը, ապա մենք ենք մեղավոր, մենք ենք թույլ տվել: Արցախի դրոշը մենք մեր պայքարի խորհրդանիշն ենք դարձրել, որովհետև մենք 30 տարի, հետո մեր որդիները նույնպես պայքարի էին ելել Արցախի համար, որ այն Ադրբեջանի ճիրաններից ազատվի, միանա Հայաստանին:

Արցախը խորհրդանիշն է մեր համահավաք հայկական երազանքի, որը մեր սերունդները պետք է կերտեն: Ոչ մի իշխանության տրված չէ հաջորդ սերունդների ձեռքից խլելու պայքարի իրավունքը: Պահելով Արցախը՝ մենք իրավունք ենք տալիս մեր սերունդներին հզորանալ ու տեր կանգնել իրենց պատմական հայրենիքին: Մեր երազանքները պետք է մեծ լինեն, որ նվաճումներն էլ մեծ լինեն»,– ասաց Կարին Տոնոյանը:

Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ այս երթը ցույց տվեց, որ Արցախն Ադրբեջանին չհանձնելու և Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցում առկա է հանրային մեծ աջակցություն և համաձայնություն: «Մենք շարունակելու ենք մեր գործողությունները, Արցախը լինելու է անկախ, իսկ դա կախված է հիմա յուրաքանչյուրիցս: Ոտքի՛ կանգնեք հայ երիտասարդներ:

Հայաստանի բոլոր շրջաններում պետք է ոտքի ելնել, պայքարել և հեռացնել այս իշխանություններին»,-ասաց Մենուա Սողոմոնյանը՝ հավելելով, որ միայն Նիկոլի հեռացմամբ կարող են ապահովել Արցախի անկախությունը:

Ավետիք Չալաբյանը եւս մեկ անգամ նշեց, որ նման երթերի ու ակցիաների նպատակը նույնն է՝ բնակչությանն իրազեկել ու ակտիվացնել. «Մեր հասարակության մի զգալի մաս դեռ մնացել է որոշակիորեն պասիվ վիճակում,քանի որ ունի մտահոգություններ, թե հետոն ինչպիսին է լինելու: Մեծամասնությունը հրաժարվել է գործող իշխանություններից, համարում է, որ նրանք իրենց սպառել են, ինչը մենք տեսնում ենք, բայց բոլորին հետաքրքրում է, թե ինչպիսի՞ն պետք է լինի նոր կառավարությունը, ինչպե՞ս է նա խուսափելու հնարավոր նոր պատերազմից, ինչպե՞ս է փոխելու պետության կազմաքանդման ընթացքը և այլն:

Մենք այդ ամենի մասին հետևողական ու համբերատար պետք է հասցնենք մարդկանց՝ նրանց հետ լինելով երկխոսության մեջ»,-ասաց Չալաբյանը: Չալաբյանի խոսքով՝ դրոշի մոտ կանգնած մարդիկ շարունակելու են պայքարը, թույլ չեն տալու, որ հայ ազգի պատմության վերջին էջը շրջվի, որ թշնամին վհատեցնի հային:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր