211652_close_icon
views-count2229 դիտում article-date 18:32 26-04-2022

Երևանի 171-րդ հիմնական դպրոցն անվանակոչվեց Կարեն Ասրյանի անունով

Երևանի 171-րդ հիմնական դպրոցն անվանակոչվել է համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անունով։

Այսօր տեղի է ունեցել պաշտոնական միջոցառումը:

Կարեն Ասրյանը ծնվել է 1980 թվականի ապրիլի 24-ին։ Առաջին կարգային դարձել է 6 տարեկանում, ինչը շախմատային աշխարհում համարվում է բացառիկ ցուցանիշ։ Նա աշխարհի պատանեկան առաջնությունների արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր էր։

1990 թ. ԽՍՀՄ Լենինգրադ քաղաքում անցկացվող պատանիների աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 9-ամյա Կարենը լրացրել է վարպետության թեկնածուի նորման (Կարպովը վարպետության թեկնածու է դարձել 11 տարեկանում, Կասպարովը՝ 13)։

1996-ի սեպտեմբերին Կարենի վարկանիշը 2310 էր, իսկ 2 տարի չանցած այն հասել էր 2600-ի։

1996 թ. Կարենը շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի նախաձեռնած միջազգային մրցաշարում նվաճեց «Կասպարովի Գավաթը»։

1996 թ․-ի երևանյան օլիմպիադայում 16 ամյա Կարենն իր խաղատախտակի վրա ցույց տված լավագույն արդյունքի համար արժանացել էր ոսկե մեդալի։

1998-ին դարձել է գրոսմայստեր։

Երեք անգամ (1999, 2007, 2008) նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը։ Հաղթել է Դուբայի «Շեյխի գավաթը» (2001), «Տիգրան Պետրոսյանի» (1996, 1997, 2004) անվան և այլ միջազգային մրցաշարերում։

2005 թ․-ին Իսրայելի Բեերշեվա քաղաքում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում իր խաղատախտակի վրա գրավել էր առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի։

Հայաստանի հավաքականի կազմում 2006 թ․-ին Թուրինում նվաճել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը։

Ասրյանը համաշխարհային օլիմպիադաների (2002, 2004) և աշխարհի թիմային առաջնությունների (2001, 2005) բրոնզե մեդալակիր էր, Եվրոպայի թիմային առաջնության (2007) արծաթե մեդալակիր։

Կարենը բազմիցս տեղ էր զբաղեցրել աշխարհի հարյուր լավագույն շախմատիստների ցուցակում։ Այդպիսի տեղ նա ուներ նաև իր մահվան պահին, երբ նրա միջազգային վարկանիշը 2630 էր։ Կարենն իր ամենաբարձր վարկանիշին հասել էր 2006 թ․-ին (2646 կետ)։

Իր մարզական ակնառու հաջողությունների համար Կարենը պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» և բազմաթիվ այլ մեդալներով։ Գործնականում լինելով անպարտելի՝ Կարենը անփոխարինելի շախմատիստ էր թիմային մրցաշարերում։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ արդեն նաև հմուտ մարզիչ էր։ Կյանքի վերջին ամիսներին նա կատարում էր Իրանի ազգային հավաքականի մարզչի պարտականությունները։

2008 թ․ հունիսի 9-ին Կարեն Ասրյանը հանկարծամահ եղավ ուղեղի կաթվածից։ Նա կյանքից հեռացավ որպես համաշխարհային օլիմպիադայի և Հայաստանի գործող չեմպիոն։

Նմանատիպ նյութեր