211652_close_icon
views-count2615 դիտում article-date 20:59 03-05-2021

ԱՀ Ճարտարի Ա.Ավանեսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում հերոս Գուրգեն Դաշյանի անունով անվանակոչվեց պատմության դասասենյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության  Ճարտարի Ա.Ավանեսյանի անվան թ.2 հիմնական դպրոցում հավաքվել էին Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի պատասխանատուները, N զորամասի հրամանատարական կազմն ու համաքաղաքացիներ. առիթը՝ 44-օրյա պատերազմի քաջարի մարտիկ, «Մարտական խաչ»  1-ին աստիճանի շքանշանակիր, մայոր Գուրգեն Դաշյանի անունով պատմության դասասենյակի անվանակոչությունն էր:

Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Զինաիդա Արզումանյանը՝ ասելով, որ
հպարտությունն ու խոր վիշտը շաղախվել են իրար:

-Հպարտանում ենք, քանզի այսօր պատմության դասասենյակն անվանակոչվել է դպրոցի շրջանավարտներից
մայոր Գուրգեն Դաշյանի անունով, սակայն մեծ ցավ ենք ապրում, որ նա հիմա երկնային արքայությունում
է:

Հայրենասիրությունը հայ ազգի ողնաշարն է, իսկ նահատակները մեր սեղանի աղամանի աղն են, որ համեմում են մեր կյանքը,-նշել է Զ.Արզումանյանը՝ ավելացնելով աստվածաշնչյան երկու պատգամ,- Աստվածաշնչում ասվում է՝ սիրիր քո տեր Աստծուն քո ամբողջ սրտով, հոգով և մտքով, ինչպես նաև՝ սիրիր քո ընկերոջը քո անձի պես: Ահա Գուրգենին ընկերները սիրում են իրենց անձերի պես ու նրանց բարոյական, հոգևոր և նյութական աջակցության շնորհիվ կյանքի կոչվեց դասասենյակի անվանակոչությունը,-ավելացրել է նա:

Արիական մարտական պատմություն ունի ճարտարեցի Գուրգեն Դաշյանը, որը ծնվել է 1978թ. հունիսի 27-ին։ Ավարտել է Ղուզե Ճարտարի միջնակարգ դպրոցը։ 1995-1998 թվականներին պարտադիր  ժամկետային   զինծառայության  մեջ  է եղել  ՊԲ շարքերում, իսկ 1999 թվականից անցել է պայմանագրային ծառայության։ 

Գուրգենը` ընկերների ու հարազատների սիրելի Գուգոն, նաև Ապրիլյան քառօրյային է  ակտիվ մասնակցություն ունեցել։ Հրամանատարության խոսքով` մայոր Դաշյանը պատերազմի առաջին օրից է ցուցաբերել անձնական արիություն ու խիզախություն։ Նա մասնակցել է  Ջրականի և Վարանդայի պաշտպանական մարտերին։

Վարանդայի պաշտպանության ժամանակ մեծ ու պլանային աշխատանք է իրականացրել, կարողացել է ճշտգրիտ ղեկավարել անձնակազմն ու զգալի կորուստներ պատճառել թշնամուն։ Երբ գլխի շրջանում վիրավորում էր ստացել, միևնույն է, շարունակում էր հետ մղել թշնամու հրոսակախմբին։ Անգամ հրաժարվում էր, որ իրեն հոսպիտալ տեղափոխեն։ 

Ընկերներն ու նրան ճանաչողները մեծ հպարտությամբ են խոսում Գուրգենի ապրած կյանքի մասին։

Ափսոսում ու ցավում են, որ երիտասարդը չհասցրեց իր երկրային կյանքում ընտանիք կազմել, երեխաներ  ունենալ։  Իր ողջ կյանքում նվիրվեց հայրենիքին ու ընկերներին` ցույց տալով, որ կյանքը ապրելու  համար է, բայց արժանապատվությամբ ապրելու:

44-օրյա պատերազմն ապացուցեց, որ իսկական մայորը լինում է Գուրգենի նման` թև ու թիկունք զինվորին, ուժի և հավատի անսպառ աղբյուր։  Հայրենասերի իր կերպարով զինվորներին մենակ չթողեց, իր բաժին արդար պայքարը մղեց և հերոսացավ  նոյեմբերի 1-ին`  Կամարի մատույցներում,  թշնամու դիպուկահարի կրակոցից։ N զորամասի հրամանատար Հունան Հայրումյանը «Մարտական խաչ»  1-ին աստիճանի շքանշանը հանձնել է Գուրգենի մորը:

Ելույթներ ունեցան ազատամարտիկ Ալիկ Դաշյանը, 2-րդ ՊՇ-ի 2-րդ հրաձգային գումարտակի բարոյահոգեբանական գծով տեղակալ Արմեն Մկրտչյանը, վաստակաշատ ուսուցչուհի Գալինա Մուսայելյանը, դպրոցի սաներն ու Գուրգենի հայրը՝ Վլադիկ Դաշյանը, որը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին:

Գուրգենին դասավանդած ուսուցիչ Գալինա Մուսայելյանը հիշել է անգամ 90-ականների հետպատերազմական կյանքը, երբ դպրոցական Գուրգենը կոկիկ, դպրոցական հագուստով ներկայանում էր դպրոց: Գ.Մուսայելյանի խոսքով՝ նա շատ սիրված էր և ուսուցիչների, և դասընկերների կողմից, քանի որ ուներ մարդկային բարձրագույն հատկանիշներ, որոնցով առաջնորդվում էր, և առաջնորդվեց ողջ կյանքի ընթացքում:

Դասասենյակի բացման և կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Գուրգենի եղբորն ու դասընկերոջը:

Երկնալույսը հիմա ավելի ուժեղ ու թանկ է ճառագում, որովհետև  այդ լույսի բաժինն են դարձել հազարավոր
հայորդիներ: Միանշանակ, նրանցով է սկիզբ առնում հայրենասիրության գաղափարը։ Այն գաղափարը, որը
պետք է փայփայեն սերունդները։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր