211652_close_icon
views-count1353 դիտում article-date 10:38 23-04-2022

Ֆրանսիայում նախագահական ընտրություններից առաջ լռության օր է

Շաբաթ ամբողջ Ֆրանսիայում լռության օր է, որի ժամանակ արգելվում է քարոզարշավ իրականացնել՝ ապրիլի 24-ին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ։ Ֆրանսիայի ընտրական օրենսգրքի համաձայն՝ այսօր նախագահի թեկնածուներին արգելվում է նախընտրական հանրահավաքներ անցկացնել, հարցազրույցներ տալ և քարոզարշավը որևէ կերպ շարունակել,  ֆրանսիացի ընտրողների կարծիքի վրա ազդող տվյալներ հրապարակել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն առաջադրվել է երկրորդ ժամկետի համար, այս օրն անցկացնելու է ծովափնյա Լե Տուկեի իր ընտանեկան տանը: Մինչդեռ նրա մրցակից, «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու, պատգամավոր Մարին Լը Պենը լինելու  է Պա դե Կալեում գտնվող Հենին-Բոմոն կոմունայում, գրում է tass.ru-ն:

Elabe ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի վերջին հարցման համաձայն՝ Մակրոնը նախընտրական մրցավազքի երկրորդ փուլի առաջատարն է։ Նրա օգտին պատրաստ է իր ձայնը տալ ընտրողների 55,5 տոկոսը։ Նրա մրցակիցը, ըստ սոցիոլոգների, կարող է հույս դնել ձայների 44,5%-ի վրա։ Ապրիլի 10-ին կայացած առաջին փուլում Մակրոնը ստացել է ձայների 27,84%-ը, Լը Պենը՝ 23,15%-ը։

«Ամենահավանական սցենարը Էմանուել Մակրոնի հաղթանակն է, սակայն Մարին Լը Պենի ընտրությունը չի կարելի բացառել»,- ասել է սոցիոլոգ Բրիս Տանտուրյեն։

Նրա կարծիքով՝ «Լը Պենի հաղթանակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե առաջին փուլում ձեռնպահ քվեարկած 13 միլիոն մարդկանց մեծամասնությունը կողմ քվեարկի»։

Ընտրացուցակներում գրանցված է ավելի քան 48 միլիոն ֆրանսիացի։

Նմանատիպ նյութեր