Մեր տղաները լավ տպավորություն թողեցին. Վազգեն Բադալյան
Այսօր առավոտյան Սոֆիայից տունդարձի ճամփա ընկավ Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը: Մենք հասցրինք կոլեկտիվի ընդհանուր վիճակի մասին կարծիք ստանալ ավագ մարզիչ Վազգեն Բադալյանից: Ասաց, որ առաջնությունում մրցանակակիր դարձան հիմնականում բռնցքամարտի դասական որակներ ունեցող, տեխնիկական հարուստ զինանոցով օժտված մարզիկները: Մեր տղաները նույնպես լավ տպավորություն թողեցին:
Մերոնց մասնակցությամբ մենամարտերի ընթացքին հետևած մասնագետներն ու մարզասերները ականատես եղան և կվկայեն, որ նույնիսկ ձախողված մեր սաները վերջին ՝ երրորդ ռաունդում ավելի լավ աշխատեցին: Նշանակում է, որ ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականությունը մերոնց չի դավաճանել: Իսկ ահա տեխնիկական խոտանը աչք էր ծակում: Հայկական բռնցքամարտի դպրոցի հաջողության հիմքում, բազմաթիվ հատկանիշներից բացի, ակնառու է եղել արագությունը և տեխնիկատակտիկական հատկանիշների առատությունը: Այդ ամենով, ավաղ, այսօր հպարտանալ չենք կարող: Բռնցքամարտ ոտք դրած պատանուն պետք է մարզիչները ազատություն տան, զգան նրա նախասիրությունները և դրանց հիման վրա ստեղծեն, կառուցեն մեր ազգային դպրոցի հարստությունը:
Սոֆիայի ռինգում մեր ներկայացուցիչների գործողություններում տոկոս չկազմեցին կրկնակի գրոհները, երկհարկանի ու եռահարկ հարվածաշարերը: Խոտանը նկատելի էր նաև պաշտպանական հարցերում: Այս և անհրաժեշտ այլ հմտությունների տիրապետող բռնցքամարտիկները պետք է գործուղվեն հավաքական, որի մարզչական խորհրդի անդամները պետք է լուծում տան տակտիկական հարցերին: Իսկ մեր պարագայում ընդամենը մի քանի հավաքներով ու մրցուղերթներով անհնարին է , բացառվում է շտկել թերությունները: Պետք է կարևորել տեղերում աշխատող մարզիչների գործը և գնահատել անձնական մարզիչների աշխատանքի արդյունավետությունը:
Հաջողությունը զարգացնելու հիմքեր կան: Հնարավոր է եկող տարի բարելավել արդյունքները: Հաշվի առնենք, որ մեր երիտասարդները հիմնականում 17 տարեկան են: Հաջորդ մրցաշրջանում, նպատակային մարզումների պարագայում, նրանց դիրքերն ավելի կամրանան բոլոր առումներով, ներառյալ ՝ հաղթանակների քանակով:
Առաջնությունում Հայաստանի հավաքականն ունեցավ մեկ ոսկե և երկու արծաթե մեդալակիր: Հաղթողի պատվին արժանացավ Էրիկ Իսրայելյանը / 60 կգ, մարզիչ ՝ Արմեն Հակոբյան /: Փոխչեմպիոն դարձան վանաձորցի Արես Հակոբյանը / 60 կգ, մարզիչ ՝ Գևորգ Կոստանյան / և երևանցի Համլետ Ադամյանը / 80 կգ, մարզիչ Ռոբերտ Պետրոսյան/:
Մեր թիմի հաջողության հիմքում անտարակույս մեծ է վանաձորցի մասնագետներ, ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի և նրա օգնական Արթուր Ուլիխանյանի դերը: