211652_close_icon
views-count1143 դիտում article-date 19:46 13-04-2022

Արթուր Նազարյան. Արտասահմանցի խաղացողները լրիվ այլ որակ էին հաղորդել բասկետբոլի առաջնությանը

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ՀԲՖ-ի մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է VBET Հայաստանի կանանց 2021/2022 թթ. առաջնությունը։

«Առաջին տարին էր, որ կանանց առաջնությունն անցկացվեց արտասահմանցի բասկետբոլիստների ներգրավմամբ։ Նախորդ առաջնության համեմատ՝ այս տարի պայքարն ավելի հետաքրքիր էր, խաղերն էլ՝ բավականին դիտարժան։ Արտասահմանից ժամանած խաղացողները լրիվ այլ որակ էին հաղորդել առաջնությանը, նրանք զգալիորեն ուժեղացրել էին թիմերը, ինչը, միանշանակ, կնպաստի տեղացի բասկետբոլիստների առաջընթացին։

Հաջողվել էր պահպանել թիմերի միջև բալանսը, և խաղամակարդակաների տարբերություն չնկատվեց՝ ի տարբերություն նախորդ տարվա։ Այս մրցաշրջանում յուրաքանչյուր թիմ իրավունք ուներ ընդգրկել 3 արտասահմանցի խաղացողի, հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ կքննարկենք նրանց ներգրավվման թույլատրելի քանակը։

Խոսելով եզրափակիչ հանդիպման մասին՝ կնշեմ, որ այն ուղղակի ֆանտաստիկ ստացվեց։ Երկու թիմերը չեմպիոնի կոչման համար իսկական պայքար մղեցին, արդյունքում երկու օվերթայմ եղավ, որի վերջին վայրկյաններին «Երևան Բասկետ»–ը 84։82 հաշվով առավելության հասավ «Հատիս»–ի նկատմամբ։

Հաջորդ մրցաշրջանի մասնակից ակումբների ցանկում հնարավոր է լինեն փոփոխություններ, բայց ոչ շատ։ Ամենայն հավանականությամբ, հաջորդ առաջնությանը կմասնակցեն 6 թիմեր։

Առաջնությունն աստիճանաբար զարգանում է, ակումբները փորձում են հետաքրքիր խաղեր և թեժ մրցակցություն ապահովել։ Հուսով ենք, որ շուտով Հայաստանում ավելի կմեծանա կանանց բասկետբոլի հանդեպ հետաքրքրությունը»,- ասել է Արթուր Նազարյանը։

Նմանատիպ նյութեր