Կարեն Գիլոյանն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ քաղաք՝ ծանոթանալու տեղի մարզադաշտի վազքուղու կառուցման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են սպորտային հատակների և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ զբաղվող շվեյցարական CONICA ընկերության ներկայացուցիչ Պավել Մառեսը, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն ու վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը:
«ԿԳՄՍ նախարարության և CONICA-ի ներկայացուցիչներն Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ շրջել են մարզադաշտի տարածքով, ծանոթացել արդեն իսկ իրականացված աշխատանքներին և քննարկել առաջիկա անելիքները:
Վազքուղու կառուցման հիմնային՝ ջրահեռացման, բետոնապատման ու չափագրման աշխատանքներն արդեն ավարտված են: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ CONICA-ի ներկայացուցիչը ժամանել է Հայաստան՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում են որակական չափանիշներին: Ռետինե ծածկը փռելու համար համապատասխան տեխնիկա է անհրաժեշտ, որը Հայաստանում չկա: Կողմերը նաև պայմանավորվել են, թե ինչպես են դրանք բերվելու Հայաստան:
Կարեն Գիլոյանի հավաստմամբ՝ այս փուլի բոլոր աշխատանքները գրեթե ավարտված են, իսկ մոտ 10-15 օր հետո ռետինե ծածկն ու անհրաժեշտ տեխնիկական միջոցները Հայաստանում կլինեն:
Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղու կառուցման աշխատանքները, հավանական է, ավարտին կհասցվեն մայիսի վերջին: