211652_close_icon
views-count2899 դիտում article-date 21:16 04-04-2022

«Դա ռազմական հանցագործություն է». Բայդենը հրաժարվել է Բուչայում տեղի ունեցածը համարել «ցեղասպանություն»

Tert.am-ը գրում է. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է Կիևի Բուչա արվարձանում տեղի ունեցած իրադարձությունները համարել «ցեղասպանություն», այն անվանել է «ռազմական հանցագործություն»։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին:

«Ոչ, ես կարծում եմ, որ դա ռազմական հանցագործություն է», - պատասխանել է ամերիկացի առաջնորդը հարցին՝ արդյո՞ք դա «ցեղասպանություն» է:

Նշենք, որ Ուկրաինայի Բուչա արվարձանում հայտնաբերվել են խաղաղ բնակիչների կոտորածների ապացույցներ: Associated Press-ի լրագրողները Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում ֆիքսել են առնվազն 21 մարդու դի։ Կապված ձեռքերով, մոտ տարածությունից հրազենային վնասվածքներով և խոշտանգումների նշաններով դիերը ցրված են եղել Բուչայի հատվածում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները լքել են տարածքը։

Ուկրաինայի իշխանությունները ռուսական ուժերին մեղադրել են ռազմական հանցագործություններ կատարելու համար։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի Բուչա քաղաքում ստեղծված իրավիճակը «ֆեյքային գրոհ» է որակել։ Նրա խոսքով, այնտեղ կազմակերպվել է բեմադրություն, որն ավելի ուշ բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով տարածվել է Ուկրաինայում և Արևմուտքում:

ՌԴ պաշտպանության նախարարությունը կիրակի հայտնել է, որ ՌԴ ԶՈւ-ն ամբողջությամբ լքել է Կիևի շրջանի Բուչա քաղաքը մարտի 30-ին, և «հանցագործությունների ապացույցները» հայտնվել են միայն չորրորդ օրը, երբ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ժամանել են այդ տարածք: Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ մարտի 31-ին քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկն իր տեսաուղերձում հաստատել է, որ Բուչայում ռուս զինվորներ չկան՝ չնշելով փողոցներում կապկպած գնդակահարված տեղի բնակիչների մասին։


   

Նմանատիպ նյութեր