Քննարկվել է ԵԽ անդամ պետություններում փաստաթղթերի մատչելիության իրավունքին վերաբերող կոնվենցիայի վավերացման հարցը
1 / 1 |
Մարտի 23-ին պատգամավորները քննարկել են ««Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մասին» նախագիծը: Այն ստորագրվել է 2009թ. հունիսի 18-ին: Փաստաթղթի նպատակն է ապահովել ԵԽ անդամ պետություններում յուրաքանչյուր անձի կողմից ներկայացված հարցման հիման վրա, առանց որեւէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքը:
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2020թ. հունիսին: Փաստաթուղթը ստորագրել է 20 պետություն, այն ուժի մեջ է մտել 11 պետություններում:
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով` օրենսդրությամբ եւ պրակտիկայով Հայաստանն արդեն իրականացրել է կոնվենցիայով սահմանվող պարտավորությունները: «Տեղեկատվության ազատության ոլորտում մեր երկիրն ունի զարգացած, հարուստ եւ այլ երկրների համար օրինակելի պրակտիկա: Ուստի, կոնվենցիայի վավարեցմամբ Հայաստանը չի ստանձնում այնպիսի պարտավորություն, որն իրավական տեսանկյունից լրացուցիչ է կամ կարող է բեռ հանդիսանալ մեր երկրի համար»,- ընդգծել է զեկուցողը:
Նշվել է, որ կոնվենցիան վերաբերում է նաեւ պաշտոնական փաստաթղթերի մատչելիությանը եւ համադրելի է Հայաստանի կողմից հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ապահովման հարցում ընտրած ուղղությանը:
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը: Նա նշել է, որ կոնվենցիայի վավերացումը կնպաստի ոլորտում միջազգային գործընկերների հետ բարենպաստ փոխգործակցության իրականացմանը: