211652_close_icon
views-count17840 դիտում article-date 15:41 21-03-2022

Սևազգեստ մայրերը հաղթել են դատարանում. «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներից ներողություն չեն խնդրի. «Փաստինֆո»

Շուրջ երկու տարի դատական քաշքշուկների արդյունքում, ի վերջո, դատարանն ամրագրել է զինծառայության ընթացքում իրենց զավակներին կորցրած մայրերը՝ «Մարտի 1»-ի գործով զոհվածների հարազատներից ներողություն չեն խնդրի, հայտնում է Pastinfo.am-ը։

«Դատական քաշքշուկների մեջ էինք մի արտահայտության համար, որը վիրավորանք չէր իրենց հասցեին։ Կառավարությունից ընդամենը պահանջում էինք փոփոխություն կատարել որոշման մեջ և աջակցություն տրամադրել նաև զոհվածների ընտանիքներին՝ 30.000 դրամի փոխարեն 60.000 դրամի չափով։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

« Դա վիրավորական էր, մասնավորապես, Սարգիս Քլոյանի համար, որն ինձ չի էլ ճանաչում։ Անմիջական կապ էր ստեղծել որոշ մարդկանց հետ և կառավարությունից, երևի, պատվեր էին իջեցրել, որ պետք է վարկաբեկի տիկին Մարգարիտային։ Երկու տարուց ավել դատական նիստերը գնաց, ոչ մի անգամ Սարգիս Քլոյանը չի ներկայացել նիստերին»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ վերջիններս չէին ներկայանում՝ ամոթ զգալով, վերջին նիստին հայցվոր կողմի փաստաբանը նշել էր, որ ինքը ծնողների պահանջն է կատարել։

Հրավիրված մամուլի ասուլիսին Սաթիկ Խլղաթյանն էլ արձանագրեց, որ իրեն շատ վատ է զգում, երբ «Մարտի 1»-ի մահացածներին զոհված են ասում, որովհետև նրանք մահացել են, չեն զոհվել։

«Յուրաքանչյուր պատվերի համար իրենք գումար են ստանում։ Ոչ մի քաղաքական բան չկար մեր պահանջի մեջ, մեր պահանջն էր ընդամենը 30.000 դրամը։ Դատավարության ընթացքում հասկացա, որ հերոսներին մեր կառավարության մեջ չեն ընդունում»,- նշեց Խլղաթյանը։

Նա պատմեց, որ Քլոյանն իրեն մոտեցել և ասել է, որ կառավարությունն իրենց տրամադրել է 30.000.000 դրամ, բայց պետք է դիմեն ԵԴ, որտեղ իրենց կհատկացնեն 240.000.000 դրամ և այդ 30 մլն-ն կվերադարձնեն կառավարությանը։

«Իրենք շատ վիրավորվել էին մեր պահանջից։ Այսինքն՝ զոհվածի ընտանիքներն իրավունք չունեին որևէ պահանջով դիմելու կառավարությանը»,- նշեց Խլղաթյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդները շուրջ երկու տարի առաջ դատական հայց են ներկայացրել՝ ընդդեմ Մարգարիտա Խաչատրյանի և Սաթենիկ Խլղաթյանի՝ զրպարտության և վիրավորանքի համար։ Մասնավորապես՝ նրանց վրդովեցրել էր զոհված զինծառայողների հարազատների հայտարարությունն առ այն, որ կառավարությունը 30 մլն դրամ է տրամադրում «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ խանութներ թալանին և անկարգությունների մասնակիցներին, իսկ հայրենիքի սահմանները պաշտպանող զոհված զինծառայողների հարազատներին՝ ոչ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, շուրջ մեկ տարի առաջ կարճել է գործի վարույթը՝ բավարարելով հայցային վաղեմության հիմքով զոհված զինծառայողների մայրերի ներկայացուցչի միջնորդությունը։ Հայցվոր կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատական ակտի դեմ, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքը վերադարձվել է, ինչից հետո առաջին ատյանի դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։

 

Նմանատիպ նյութեր