211652_close_icon
views-count32700 դիտում article-date 11:31 19-03-2022

«Վեոլիա Ջրի» փոխարեն հերթական անգամ Նորք Մարաշում կեղտաջրերով լցված դիտահորերը մաքրեցին թաղապետարանի աշխատակիցները. բնակիչներն էլ ասում էին.«Քաղաքապետը պետք է հանդես գա բժշկի դերում ու այդ կույրաղիքը հեռացնի մեզանից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ մարտի 18-ին, Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոնդ Ղազարյանի գլխավորությամբ հերթական անգամ վարչական շրջանի կոմունալ բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ հատուկ տեխնիկաների միջոցով Գ. Հովսեփյան փողոցի 91 հասցեի մոտ տեղադրված մի քանի դիտահորերից հեռացրեցին խցանված կեղտը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները գրեթե 4 ամիս է՝ ահազանգել են «Վեոլիա Ջուր» ու խնդրել են, որպեսզի «Վեոլիա Ջուրը», որ միայն գումարներն է հավաքագրում, գոնե խոսքից անցնի գործի։ 

Տեղեկացրել էին, որ այդ լցված դիտահորերի պատճառով տարածքոմ տիրում է գարշահոտություն։ Դրան գումարած՝ ձմռան այս եղանակին էլ կեղտաջրերը ողոել են փողոցն ու դրա պատճառով եղել են դեպքեր, որ մարդիկ սայթաքել են։ 

«Վեոլիա Ջուրը» սկզբից պատասխանել է, թե խնդրին ծանոթ է, սակայն հետո, ինչպես հավաքվածներն էին ասում, «2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ» ու հրաժարվել է աշխատանքներ կատարելուց՝ պատճառաբանելով, որ այդ հատվածը իրենցը չի։ Ստիպված՝ քաղաքացիները նորից դիմել են Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, ինչից հետո այնտեղից ժամանել են վարչական շրջանի ղեկավարն ու կոմունալ բաժնի պետը և թաղապետարանի միջոցներով նորից սկսել են «Վեոլիա Ջրի» փխոարեն կատարել դիտահորերի մաքրման աշխատանքներ։ 

Տեղում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին խոսել տեսախցիկի առջև, ասում էին. «Էս Վեոլիա Ջուրը Սանիտեկի նման ոնց որ կույրաղիք լինի Հայաստանի գլխին։ Մենակ փող են են հավաքում։ Մի հատ էլ մամուլի խոսնակ ունեն, որ ամեն անգամ նույն քոփի-փեյսթ արած բառերն ա կրկնում։ Դա Վեոլիա Ջրի գործը չի, դա մեր պազիցիայի մեջ չի մտնում և այլն։ Իսկ գումարները հավաքելուց, հլը մի օր վճարումը ուշացնենք, երեքգլխանի հրեշի նման կնստեն ջրի պռնկին ու ջուրը կկտրեն։ Ժամանակին Սանիտեկն էր դարձել պատուհաս մեզ համար։ Սանիտեկից պրծանք, Երևանում աղբահանության հարցը լուծվեց; Հիմա ժամանակն է, որպեսզի Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմի կառավարությանը, էս կույրաղիքը վիրահատությամբ հեռացնեն ու հաստատ խնդիրը կլուծվի։ Արդեն չգիտենք՝ ինչ անենք, 4 ամիս է, անտանելի վիճակ է։ Կամ Նորք Մարաշի թաղապետարանն ա մաքրոմ, կամ Soft Construct ընկերությունը։ Ու եթե անկեղծ՝ նրանք պարտավոր էլ չեն դա անել, որովհետև գումարները մենք վճարում ենք Վեոլիա Ջրին»։ 

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 18-ին, Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոնդ Ղազարյանն ու նույն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանը բնակիչների ահազանգով հերթական անգամ այցելել էին Նորք Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոց։

Բնակիչներն ահազանգել էին թաղապետարան և հայտնել, որ «Վեոլիա Ջրի» աշխատակիցների փնթի ու թերի գործողությունների արդյունքում հերթական անգամ նշված փողոցի 91 հասցեի մոտ դիտահորերը լցվել են, ու կեղտաջուրը ողողել է ճանապարհը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին. «4 ամսից ավելի է, էս վիճակն է տիրում։ Մեռանք Վեոլիա Ջուր զանգելով. ասում են՝ դա մեր գործը չի։ Փողոցով մի ամբողջ կոյուղատար է անցնում, Վեոլիան ասում է՝ մերը չի, սովետի ժամանակվա սարքած կոյուղագծեր են։ Հետաքրքիր է՝ կարո՞ղ ա ձեր որոշ աշխատակիցների ուղեղները սպրիչով հանած ա։ Ո՞նց կարող ա պատահի, որ 21-րդ դարում նման վիճակ լինի։ Մենակ 4 անգամ ականատես ենք եղել, որ Նորք Մարաշի թաղապետարանը ոնց ա էկել, խցանված կոյուղատարը մաքրել, բայց մի ամիս չանցած՝ նորից լցվել ա ու 3 անգամ էլ Soft Construct ընկերության աշխատակիցներն են վերացրել խնդիրը։ Իսկ մենք՝ որպես բնակիչիներ ու սպառողներ, փող ենք մուծում Վեոլիա Ջրին։ Ստացվում է՝ Վեոլիա Ջուրը հայտնվել է Պույ-պույ մկնիկի օրը, երբ մուկը հայտնվել էր կոկոսի մեջ ու այնքան էր համտեսել միջի պարունակությունը, որ տռզել, չէր կարողանում  կոկոսից դուրս գալ, ու մենք վճարում ենք Վեոլիային, փոխարենը թաղապետարանին ու ինչ-որ ընկերության ենք խնդրում, որ խնդիրը վերացնեն»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր