211652_close_icon
views-count65804 դիտում article-date 10:30 18-03-2022

Շիրակի մարզի ոստիկանները տաք հետքերով պարզել են Գյումրիում 30-ամյա տղամարդու առեղծվածային մահվան հանգամանքները. տեղի ունեցածը սպանություն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, մարտի 18-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Պետրոսյանի, ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, ոստիկանության Մուշի բաժնի՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի և ոստիկանության Կումայրիի բաժնի՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ), ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այնուհետև իրականացված հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է մարտի 16-ին Գյումրիում տեղի ունեցած 30-ամյա տղամարդու առեղծվածային մահվան հանգամանքները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկի եզրակացության համաձայն, Գյումրու քաղաքային աղբանոցում հայտնաբերված 30-ամյա Վազգեն Յանգյանի դիակի զննությամբ հայտնաբերվել է մի շարք վնասվածքներ։ 

Վնասված է եղել նաև Վ. Յանգյանի ձախ ազդրային զարկերակը, ինչն էլ, ըստ դատաբժշկի, հանդիսացել է նրա մահվան պատճառ։ 

Նույն օրը ոստիկանության Մուշի բաժնում նյութեր էին նախապատրաստվել «դժբախտ պատահար» հատկանիշով, և ոստիկանություն էր ահազանգել Գյումրիի բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Մանուկյանը, ով հայտնել էր, որ Վ. Յանգյանը աղբանոցում գունավոր մետաղներ փնտրելիս մնացել էր հողակույտի տակ, ու ինքը տեսել էր, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ 

Շիրակի մարզի ոստիկանները ոստիկանություն ահազանգած Ա. Մանուկյանին ապացուցեցին, որ «գողի ու ...-ի օրը 40 օր է», և Վ. Յանգյանին սպանելու կասկածանքով ոստիկանության Մուշի բաժին է  բերման ենթարկվում Ա. Մանուկյանը ու սպանության կասկածանքով ձերբակալվում է։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 16-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրու քաղաքային աղբանոց, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ 

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մկրտչյանը։ 

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններին նշված վայրում Գյումրիի բնակիչ՝ 60-ամյա Աշոտ Մ-ն հայտնել էր, որ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում նշված աղբանոցում գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ կատարելիս տեսել է, որ հողակույտը փլուզվել է, որտեղ այդ պահին փորելու միջոցով գունավոր մետաղներ էր փնտրում Գյումրիի բնակիչ՝ 30-ամյա Վազգեն Յ-ն և այդ ընթացքում ինքը մոտեցել է փլված հողակույտին ու տեսել է, որ Վազգեն Յ-ն չկա։ 

Նա ոստիկաններին ու քննիչներին հայտնել էր նաև, որ դրանից հետո ենթադրել է, որ հնարավոր է՝ Վազգեն Յ-ն մնացած լինի հողակույտի տակ ու օգնության է կանչել իր ծանոթներ՝ Գյումրիի բնակիչներ, 41-ամյա Սանասար Մ-ին և 39-ամյա Արտյոմ Հ-ին։  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր