211652_close_icon
views-count271571 դիտում article-date 16:42 04-01-2020

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում 23 հոգուց ավելի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք. գործի են դրվել մահակներ, քարեր ու դանակներ. ոստիկանները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները

Երեկ՝ հունվարի 3-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի մարզի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց միջև տեղի է ունենում վիճաբանություն-ծեծկռտուք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի, վարչության պետի տեղակալներ Արմեն Գասպարյանի, Անդրանիկ Սողոմոնյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվ մեկ այլ խումբ էլ ժամանել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Մանուկ Միքայելյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում Արտաշար գյուղի բնակիչներ, 32-ամյա Առաքել Գրիգորյանը, 26-ամյա Պարսամ Մխիթարյանը, 24-ամյա Սերոբ Գրիգորյանը, ով լինելով սև գույնի «Lada Priora» ավտոմեքենայի ղեկին, արագ է վարել Զարթոնք գյուղում, ինչի համար Զարթոնք գյուղի բնակիչներ, 27-ամյա Արշակ Մկրտումյանը, ով ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ աշխատում է Զարթոնքի գյուղապետարանում որպես առաջին կարգի մասնագետ, 25-ամյա Գերասիմ Մարգարյանը դիտողություն են արել Ս. Գրիգորյանին, որից հետո վերջիններիս և նրանց կողմնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք և «մի կաթիլ մեղրի» պատմությունը վերածվել է տուրուդմփոցի՝ փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց «մեջքի աջ շրջանի կտրած-ծակած մակերեսային վերք» ախտորոշմամբ «Մեծամոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Զարթոնք գյուղի բնակիչ, 35-ամյա Սերյոժա Եփրեմյանը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է «Հարավ-կովկասյան երկաթուղի» Սովետական կայարանում, և «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ ազդրի կոտրվածք» ախտորոշմամբ՝ Զարթոնք գյուղի բնակիչ, 79-ամյա Անուշ Պետրոսյանը: Այնուհետև Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մեծամորի բաժին, որ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց մոտ են տեղափոխվել Պ. Մխիթարյանը՝ «կրծքավանդակի սալջարդ ձախից, ալկոհոլ օգտագործած վիճակ» ախտորոշմամբ, և Ս. Գրիգորյանը՝ «կրծքավանդակի սալջարդ աջից» ախտորոշմամբ: Այնուհետև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Զարթոնք գյուղի բնակիչ, 28-ամյա Սամվել Մնացականյանը: Ոստիկանները պարզել են, որ վիճաբանության ժամանակ վնասվել է նաև Զարթոնք գյուղի բնակիչ, 48-ամյա Անդրանիկ Պետրոսյանին պատկանող Mercedes Sptinter մակնիշի 45 AV 777 համարանիշի ավտոմեքենան: Մինչ բժիշկները վիրավորներին անհրաժեշտ օգնությունն էին ցուցաբերում, Արմավիրի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Ա. Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ նշված ծեծկռտուքին և խուլիգանությանը մասնակից մի քանի կասկածյալների ինքնությունը, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Արտաշար գյուղի բնակիչ, 44-ամյա Ալիկ Մխիթարյանը, Զարթոնք Գյուղի բնակիչներ, 30-ամյա Արգիշտ Մելքոնյանը, 36-ամյա Նշան Սարգսյանը, 32-ամյա Սահակ Գրիգորյանը, 67-ամյա Պարույր Սարգսյանը, 31-ամյա Մխիթար Սարգսյանը, 63-ամյա Խաչիկ Սարգսյանը, 44-ամյա Գագիկ Մելքոնյանը, 45-ամյա Գևորգ Կարապետյանը, 53-ամյա Արտյոմ Մկրտումյանը, 45-ամյա Սուսաննա Մարգարանը և 25-ամյա Սերժ Մովսիսյանը: Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև , որ նույն վիճաբանության ժամանակ Ս. Եփրեմյանին դանակով հարվածել է 31-ամյա Մխիթար Սարգսյանը, իսկ Ա. Պետրոսյանի Mercedes մակնիշի ավտոմեքենային քարերով հարվածել ու վնասել են 27-ամյա Արշակ Մկրտումյանը, 25-ամյա Բաղդասար Մկրտումյանը: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու, ինչպես նաև կասկածյալներ Ա. և Բ. Մկրտումյաններին հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նշված քրգործի նախաքննության շրջանում պարզվել է նաև, որ «Մեծամոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Զարթոնք գյուղի բնակիչ, 42-ամյա Արամ Համբարձումյանը՝ «որովայնի 1-ին պատի և կրծքավանդակի աջ կեսի առաջնային պատի կտրած-ծակած չթափանցող վիրավորում» ախտորոշմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս.,Ա., Մ. Գրիգորյանները, Բ., Ա. Մկրտումյանները ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ Մ. Սարգսյանն ու Զարթոնք Գյուղի բնակիչ , 27-ամյա Հրայր Պողոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ չի բացառվում՝ ստորագրութամբ ազատ արձակվածների կարգավիճակը նախաքննության փուլում փոխվի և նրանց նկատմամբ կիրառվի որպես խափանման միջոց՝ կալանավորումը: Զարթոնք գյուղի մի քանի բնակիչներ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցների մեջ կան նախկին գյուղապետի համակիրներ ու եթե Արմավիրի մարզի ոստիկանները օպերատիվ չարձագանքեին ստացված օպերատիվ տվյալներին ու ժամանակին չժամանեին գյուղ, մի կաթիլ մեղրի պատմությունը վերածվելու էր Սոդոմ Գոմորի և ճիշտ կլինի, որպեսզի ոստիկանությունը ձեռքը պուլսի վրա պահի, որ գյուղում նորից իրար չուտեն»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր