211652_close_icon
views-count1701 դիտում article-date 20:34 17-03-2022

ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ղեկավար. «Շարունակելու ենք համագործակցությունն իսպանական ակումբների հետ»

Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները մեկնել էին Իսպանիա, որտեղ բացի մասնագիտական վերապատրաստումից, նաև ծանոթացել էին մի շարք ակումբների ենթակառուցվածքներին և նյութատեխնիկական հնարավորություններին:

ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանի հետ, ով ներկայացրել է այցի մանրամասները:

 -Պարոն Վանեսյան, ինչպե՞ս հնարավոր եղավ կազմակերպել հայ բժիշկների այցելությունն Իսպանիա:

-Իսպանիա մեկնելու նախաձեռնությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային էր: Հաշվի առնելով՝ որքան զարգացած է բժշկական ծառայությունների ոլորտն Իսպանիայում, մեր բժիշկների համար շատ կարևոր էր տեղում ծանոթանալ ինչպես տարբեր գործընթացներին, այնպես էլ ենթակառուցվածքներին: Մեզ մեծ աջակցություն ցուցաբերեց Հայաստանի ազգային հավաքականի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը, ով ամբողջ ընթացքում ուղեկցում էր մեզ: Հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն ևս նպաստեց մի շարք հանդիպումների կայացմանը: Նրանց շնորհիվ մենք կարողացանք այցելել ինչպես մի շարք բժշկական հաստատություններ, այնպես էլ մարզական տարբեր ակումբներ:

 -Կոնկրետ ի՞նչ հանդիպումների մասին է խոսքը:

Պաբլո Լյանեսը և Խավիեր Մինյանոն շատ ճանաչված և հարգված են Մադրիդում: Նրանց անմիջական ջանքերով մենք հանդիպեցինք իսպանացի լեգենդար մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին, որի հետ քննարկեցինք ամենաբարձր մակարդակի թիմերում բժշկական ծառայության դերն ու նշանակությունը: Խավիեր Մինյանոյի հետ ևս քննարկեցինք մի շարք կարևոր հարցեր, որոնք գլխավորապես վերաբերում են ազգային և մյուս հավաքականներում որդեգրված բժշակական քաղաքականությանը, ֆուտբոլիստների բժշկական պահանջմունքների բավարարման մեխանիզմներին: Հանդիպեցինք նաև Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանին, ով պատրաստակամություն հայտնեց հետագայում աջակցելու համատեղ իրականացվող ծրագրերին։

 -Իսկ ո՞ր ակումբների և բժշկական հաստատությունների մասին է խոսքը:

Մենք այցելեցինք Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, որտեղ հանդիպեցինք ակումբի բժշկական ծառայության ղեկավար Նիկո Միհիչի հետ: Համաձայնություն ձեռք բերվեց շարունակական համագործակցության և համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:   

Այցելեցինք Իսպանիայի Օլիմպիական կոմիտե, ինչպես նաև Մադրիդի «Ատլետիկոյի» մարզաբազա: Երկու տեղերում էլ պայմանավորվեցինք միմյանց փորձառությանը ծանոթանալու նպատակով իրականացնել բժիշկների ճանաչողական այցեր:

Շատ հագեցած էր այցելությունը Վիրաբուժության սիմուլյացիայի կենտրոն, որտեղ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք իրականացնել մարզական վերականգնողական թիրախավորված ծրագրեր:

Մասնակցեցինք նաև վնասվածքաբանների և սպորտային բժիշկների համար նախատեսված կոնֆերանսի, որը նվիրված էր  նյարդամկանային սինապսի վնասվածքների արդյունքում մարզիկների վերականգնմանը:

Մասնակցեցինք Սան Ռաֆայել կլինիկայում կազմակերպված ներկայացուչական կոնֆերանսին,  որին հաջորդեց շրջայցը Սան Ռաֆայել մասնավոր բժշկական կենտրոնում: Այս կլինիկայում տարվող աշխատանքները մեզ համար կարևոր էր, քանի որ հենց այս հաստատությունում են պարբերաբար բուժում ստանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները»: 

Նմանատիպ նյութեր