211652_close_icon
views-count3242 դիտում article-date 09:37 16-03-2022

Արցախի խնդիրը տարածքային չէ․ Ադրբեջանի 5 առաջարկներից 3-ն արդիականությունը կորցրել են․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Խաղաղության հաստատման ադրբեջանական 5 սկզբունքներից 3-ի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը հստակ արտահայտեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հայտարարելով. «Ըստ էության, դեռեւս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ… Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ՝ իրավունքների»:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, ակնարկելով նախապայմաններով խոսելու անթույլատրելիության մասին, միաժամանակ դիվանագիտական լեզվով ասել է, որ հայկական կողմն առաջնային է համարում արցախահայության իրավունքները եւ ազատությունները երաշխավորող դրույթները, Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցերը։ Արարատ Միրզոյանը փաստացի հայտարարեց, որ խաղաղության ադրբեջանական 5 սկզբունքներից 3-ն իրենց արդիականությունը կորցրել են դեռ 1991-ից, եւ պետք է անցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման, սահմանագծման գործընթացին, հաղորդակցության ուղիների բացմանը: Այս հարցում էլ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը հանդես է եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով՝ զորքերի հայելային հետքաշմամբ եւ միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրման միջոցով աշխատանքների մեկնարկմամբ, ինչը, սակայն, ադրբեջանական կողմը մերժել էր։

Այն դեպքում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, առաջնային նշանակություն է ստանում հարթակի ընտրության հարցը, որտեղ պետք է ընթանան խաղաղության պայմանագրի դրույթների քննարկումները: Հայկական կողմը բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը եւ Հելսինկիի եզրափակիչ ակտը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր