Անշնորհակալ կլինեմ, եթե դրական վերաբերմունքս չարտահայտեմ իմ մասով միջնորդությանը դեմ քվարկած ԲԴԽ անդամներին. Ռշտունի
News.am-ը գրում է. Ավելի շատ սպասելի էր, որ միջնորդությունը կմերժվի, քան կբավարարվի, ամեն դեպքում չունեինք կոնկրետ վստահություն լուծման հետ կապված: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին՝ անդրադառնալով ԲԴԽ որոշմանը, որով մերժվեց Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը:
«Նաեւ իրավիճակային առումով, անդուր իրավիճակ էր, որովհետեւ մինչ այդ որոշում հրապարակվեց, որով դատավորի լիազորությունները դադարեցվեցին, իմ մասով մերժվեց: Իմ մասով, ես անշնորհակալ կլինեմ, եթե իմ դրական վերաբերմունքը չարտահայտեմ ԲԴԽ այն անդամների մասով, որոնք դեմ են եղել միջնորդության բավարարմանը»,-ասաց նա:
Նա չցանկացավ գնահատականներ տալ ԲԴԽ-ում եւ արդարադատության նախարարությունում ներքին հարաբերություններին. «Ոչ նախարարի, ոչ Գագիկ Ջհանգիրյանի մոտեցումներին խորությամբ ծանոթ չեմ, թե իրենք այս կարգապահական վարույթներով ինչ նպատակ են հետապնդում: ԲԴԽ անդամներից Ջհանգիրյանը կողմ է եղել միջնորդությանը»:
Հարցին, թե այս որոշումը իր գործունեության հետ կապված ինչ-որ բան փոխելո՞ւ է, Ռշտունին պատասխանեց. «Անկախ ելքից ես աշխատելու էի նույն կերպով, ինչ աշխատել են այս 10 տարիներին: Երեւի ոչինչ չի փոխվելու: Ինձ համար այսօր շատ զարմանալի է, որ մենք շատ վարույթների ենք ականատես լնիելու եւ կարծես թե ԲԴԽ-ն վերջին ժամանակահատվածում հանդես է գալիս հիմնականում որպես դատարան: Մենք տեսնում ենք, որ մեր կոլեգաների հարցերը քննության առարկա են դառնում ԲԴԽ-ում: Տպավորություն է, որ մյուս դատավարություններին զուգահեռ նաեւ դատավորների նկատմամբ դատավարություններ են ընթանում, որտեղ դատավորները պետք է արդարանան, հակափաստարկներ ներկայացնեն իրենց կայացրած որոշումների վերաբերյալ, այնինչ մի շարք միջազգային փաստաթղթերում, միջազգային կազմակերպությունների կողմից բարձրացված զեկույցներում խոսվում է բացառիկության մասին, այսինքն դատավորը որպես մեղադրյալ պետք է հայտնվի բացառիկ դեպքերում, սակայն վերջին ժամանակներում դա դարձել է սովորական երեւույթ»,-ընդգծեց նա:
Մանրամասներն՝ այստեղ