211652_close_icon
views-count10722 դիտում article-date 11:01 11-03-2022

Ռուսաստանի համար ամենահարմարը Թուրքիան է․ Ուկրաինայում սիրիակա՞ն տարբերակ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ակնհայտ է, որ Ուկրաինան ցանկանում է հնարավորինս շուտ, ցանկացած միջոցներով կանգնեցնել ռազմական գործողությունները եւ առաջարկում Ռուսաստանի համար քիչ թե շատ ընդունելի երաշխավոր երկիր, իսկ նրան սահմանակից պետություններից ամենահարմարը Թուրքիան է:

Առաջին հայացքից թվում է, թե Ուկրաինան Ռուսաստանին առաջարկում է վերջինիս համար ընդունելի ու փորձված տարբերակ՝ աչքի առաջ ունենալով Սիրիայում եւ Արցախի Հանրապետության շուրջ այդ երկրների ունեցած համագործակցության փորձը, բայց իրականում առաջարկն էականորեն տարբերվում է Սիրիայից: Ռուսաստանի համար Ուկրաինան եւ Սիրիան չեն կարող դիտարկվել նույն հարթության վրա: Ուկրաինան Ռուսաստանի համար անմիջական անվտանգության գոտի է, իսկ Սիրիան՝ մերձակա շահերի գոտի, եւ հավանականությունը փոքր է, որ Ռուսաստանը կհամաձայնի այդ տարբերակին, համենայնդեպս, ռազմական գործողությունների այս փուլում:

Ռազմական գործողություններն սկսելուց առաջ Վլադիմիր Պուտինը հստակ նախանշեց, որ Արեւմուտքի կողմից անվտանգության երաշխիքներ չստանալով՝ սկսում է սեփական գործողություններն Ուկրաինայում, եւ կտրուկ զգուշացում արեց հակամարտությանը միջամտել ցանկացող երրորդ երկրներին՝ ակնարկելով կործանիչ հարվածների մասին: Իսկ սա նշանակում է մեկ բան՝ Ռուսաստանը կգնա մինչեւ վերջ, եթե Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունն արյունահեղությունը դադարեցնելու համար չգնա ինքնազոհության»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր