211652_close_icon
views-count2760 դիտում article-date 12:40 04-03-2022

Պատերազմում զոհված զինվորների եղբայրները և որդիները հնարավորություն կունենան ազատվել զինվորական ծառայությունից․Հայկ Սարգսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ Հայկ Սարգսյան նշեց, որ այն զորակոչիկները, ովքեր ունեն Հայրենիքի պաշտպանության համար մարտական գործողությունների ժամանակ զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, հնարավորություն կունենան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

Պատգամավորի խոսքով՝ գործող կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։

«Ունենք հայ-ադրբեջանական քառօրյա և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն։ Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում, որպեսզի իրենց կրտսեր որդիներին նույնպես ուղարկեն պարտադիր զինվորական ծառայության։ Նրանց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ մեր խորին հարգանքը և բարոյական պարտքը մեզ պարտավորեցնում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հնարավորություն տալ նաև նրանց ընտանիքի մյուս անդամներին»,- ասաց Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի՝ այս քայլի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները։

Պատգամավորը նաև պատասխանեց նախաձեռնության գաղափարի և նախագծի քննարկման ընթացքում առավել հաճախ հնչող հարցերին։

Արդյոք օրենքի ընդունումից հետո կընկնի զինված ուժերի մարտունակությունը կամ արդյոք լրացուցիչ անվտանգային խնդիրներ կառաջանան, պատգամավորը պատասխանեց, որ, ոչ, որևէ անվտանգային խնդիր չի կարող առաջանալ այն պատճառով, որ օրենքի շահառուների թիվը լինելու է բավականին քիչ։

« 2022 թվականի ամառային զորակոչին սպասվում է, որ օրենքից կօգտվի 10 քաղաքացի, 2022 թվականի ձմեռային զորակոչին՝ 17 քաղաքացի, 2023 թվականի ամառային զորակոչին՝ 11 քաղաքացի և 2023 թվականի ձմեռային զորակոչին՝ 14 քաղաքացի։ Հաշվի առնելով, որ մեր զինված ուժերի զինծառայողների թիվը մի քանի տասնյակ հազար է, պահեստազորով՝ մի քանի հարյուր հազար, ապա ամեն զորակոչին տասից քսան զորակոչիկի ազատելը որևէ խնդիր չի առաջացնի։ Նաև ցանկանում եմ նշել, որ այսօր գործող կարգավորումներով էլ իմ կողմից նշված զորակոչիկները և զորակոչիկների խումբը չի իրականացնում մարտական հերթապահություն։ Օրենքի հոդված 26-ի 3-րդ կետը սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել այն զինծառայողը, որն ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում զոհված, մահացած հայր, մայր կամ եղբայր, քույր։ Այս պահին պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվում են 16 զինծառայողներ, ովքեր զոհված զինծառայողի ընտանիքի անդամ են հանդիսանում, սակայն միակ արու զավակը չեն։ Օրենքի ընդունումից հետո նրանք հնարավորություն կստանան զորացրվելու»,- ընդգծեց Սարգսյանը։

Հաճախ հնչող հարցերից են, թե արդյոք օրենքը կտարածվի նաև կամավոր ռազմաճակատ մեկնած և զոհված զինծառայողների ընտանիքի անդամների վրա, պատգամավորը պատասխանեց, որ, այո, կամավորականները նույնպես համարվում են զինվորականներ։

Հաջորդ հաճախ հնչող հարցերից է, թե արդյոք օրենքից կարող են օգտվել նաև անհետ կորած, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամները, պատգամավորը նույնպես դրական պատասխանեց՝ նրանց ընտանիքի անդամները ևս կօգտվեն օրենքի ընձեռած հնարավորությունից։

«Բոլոր այն զորակոչիկները, ովքեր կօգտվեն օրենքից և կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, սահմանված կարգով կհաշվառվեն պահեստազորում, ինչը հնարավորություն կտա նրանց անցնել պայմանագրային զինվորական ծառայության կամ աշխատել այլ ուժային կառույցներում»,- հավելեց Սարգսյանը։

Պատգամավորի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը առաջարկել է տարբերակել հայրենիքի պաշտպանության համար զոհված և ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքի եղբայրներին և որդիներին և օրենքը տարածել միայն պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների վրա։

«Ես համաձայնել եմ այս փոփոխության հետ, քանի որ հետապնդած հիմնական նպատակը պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի վիշտը մեղմելն է և բարոյական զորակցությունը։ Ոչ մարտական գործողությունների ժամանակ, սակայն զինվորական ծառայություն իրականացնելիս մահացած զինծառայողների ընտանիքի անդամները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից միայն այն դեպքում, երբ հանդիսանան ընտանիքի միակ արու զավակը»,- եզրափակեց Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր