211652_close_icon
views-count2839 դիտում article-date 12:27 04-03-2022

ՊԵԿ-ը բացահայտել է անապրանք գործարքի խոշոր դեպք. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է անապրանք գործարքների խոշոր դեպք:

Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, որտեղ նշված է, որ վարչության աշխատակիցների դիտակետում է հայտնվել մի ընկերություն, որը մեծ քանակությամբ ապրանքների` մասնավորաբար քաղցրավենիքի և ալկոհոլային խմիչքների մատակարարման հարկային հաշիվներ է դուրս գրել Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների համար: Ուշագրավն այն է եղել, որ մատակարար ընկերությունն ունեցել է ընդամենը մեկ գրանցված աշխատակից, ով հանդիսացել է ընկերության միակ բաժնետերն ու տնօրենը: Ընկերությունը չի ունեցել նաև տվյալ գործունեությանը համապատասխան պահեստային տարածքներ:

«Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն` հիշյալ տնտեսվարող սուբյեկտներին փաստացի ապրանքները չէին մատակարարվել:  Հարկային հաշիվներում ներառված ապրանքների ընդհանուր գումարը տնտեսվարողների կողմից ներառվել են հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, ինչպես նաև դեբետագրվել են դրանցում առկա ԱԱՀ-ի գումարները, որի արդյունքում վերջիններս խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններ հաշվարկելուց և վճարելուց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով   Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ առ այն, որ մատակարար ու ձեռք բերող ընկերությունների միջև իրականացվել են անապրանք գործարքներ: 

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից կատարվել է հաշվարկ, համաձայն որի` իրականացված անապրանք գործարքների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը համարվում է ծանր հանցագործություն: Այն պատժվում է ազատազրկմամբ  4-8 տարի ժամկետով, ինչպես նաև՝ համաձայն հարկային օրենսգրքի 415 հոդվածի՝ անապրանք փաստաթղթերի դուրս գրած և ստացած տնտեսվարող սուբյեկտներից գանձվում է տուգանք, տվյալ դեպքում՝ շուրջ 170 մլն. դրամ:

Ծանուցում՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր