211652_close_icon
views-count98899 դիտում article-date 13:17 24-02-2022

Կրակոցներ Լոռու մարզում՝ ԱՁ տնօրենի խանութի մոտ, բնակիչներն ասում էին. «Ոստիկանների օպերատիվ գործողության արդյունքում կանխվեց վենդետան». հայտնաբերվել է հրազենն ու Նիվան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 23-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լեռնապատ գյուղում՝ Արամայիս Աբազյանի խանութի մոտ, կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։

Երևանից ժամանել  է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանը։ 

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 21։20-ի սահմաններում Լեռնապատ գյուղի բնակիչ՝ 75-ամյա Արամայիս Աբազյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, աշխատում է Վանաձորի անտառտնտեսությունում՝ որպես անտառապահ և «Արամայիս Աբազյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, ոստիկաններին հայտնել է, որ ժամը 17։50-ի սահմաններում Լեռնապատ գյուղի 11-րդ փողոցի 1-ին հասցեում գործող մթերային խանութ են եկել համագյուղացիներ՝ 68-ամյա Արշալույս Աբազյանը և Արամայիս Եսայանը, ում ինքնությունը ոստիկանները պարզում են։

Այնտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց և իր միջև, որի ժամանակ էլ Արշալույս Աբազյանը Նիվայի միջից վերցրել է զենքը և մի քանի անգամ օդ կրակել։ 

Ոստիկանները կատարվածի մասին զրույց են ունեցել նաև վաճառողուհի՝ Լեռնապատ գյուղի բնակիչ, 55-ամյա Վարդուշ Շուշանյանի հետ։

Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված պարկուճներ, իսկ կասկածյալ Արշալույս Աբազյանը հայտնաբերվել է իր տանը։ Նա եղել է ոչ սթափ վիճակում և ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։ 

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ա. Աբազյանի որդին՝ Լեռնապատ գյուղի բնակիչ, 41-ամյա Կարեն Աբազյանը, ինքնակամ ոստիկաններին է ներկայացրել «ՍԿՍ» տիպի 7.62 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրացան։ 

Հայտնաբերվել նաև Նիվա մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Եսայանին հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Աբազյանների ազգականներից 2 հոգի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն... տարիքով մարդիկ ռազբիրատ են անում ու հետո զենք են օգտագործում։ Հավատացեք, եթե ոստիկանները մի փոքր ուշանային, էստեղ հաստատ վենդետա էր լինելու։ Կարելի է ասել՝ ոստիկանները կանխեցին վենդետան։ Մնում է՝ օբյեկտիվ քննություն վարվի, ու մեղավորը կամ մեղավորները օրենքի առջև խիստ պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի մյուսներին դաս լինի»։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր