211652_close_icon
views-count1400 դիտում article-date 10:45 24-02-2022

Դատական հայցերով փորձ է արվում վերականգնել զոհերի իրավունքները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանում գտնվող գերիների պաշտոնականացումն իրականացվել է երկու մեխանիզմով՝ Կարմիր խաչի եւ դատարանի միջոցով։ Երկու դեպքում էլ պատկերը նույնական է։ Այդ տեղեկությունների հիման վրա հաստատվել է, որ ներկայումս պահվում են պաշտոնականացված 38 գերիներ, եւ այս թվի առնչությամբ վեճ գոյություն չունի. դրանցից 3-ը քաղաքացիական անձինք են, մնացյալը՝ ռազմագերիներ։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ բացի այդ 38-ից եւ արդեն իսկ հայրենադարձվածներից, կան եւս 80 ռազմագերիներ, որոնց գերեվարումը հիմնավորված է տեսանյութերով, լուսանկարներով կամ այլ ուղղակի ապացույցներով, հետեւաբար վիճելիություն չունեն։ Ուստի այդ 80 անձանց գերեվարումը եւս վերագրելի է Ադրբեջանին, պարզապես ադրբեջանական կողմը հետեւողականորեն մերժում է իր առնչությունն այդ գերեվարումներին։ Ըստ զրուցակցիս՝ պատճառը կարող է լինել ինչպես քաղաքական, այնպես էլ՝ որոշ գերիների սպանությունների պատասխանատվությունից եւ անցանկալի զարգացումներից խուսափելը։

«Միջազգայնորեն այս հարցերի շրջանակներում դրել ենք Ադրբեջանի պատասխանատվությունը եւ առաջ ենք քաշել գերեվարման կանխավարկածը։ Փորձելու ենք դատական գործընթացում վերականգնել այդ զոհերի իրավունքները։ Ինչ-որ մի փուլում Ադրբեջանը պետք է հերքի ներկայացված ապացույցները, իսկ դա չկատարելու պարագայում կամ պետք է ողջ հայրենադարձնեն գերիներին, կամ միջազգայնորեն պատասխանատվության կանչվեն 80 անձանց կյանքի իրավունքը խախտելու համար»,- ասաց իրավապաշտպանը։ Սահակյանը տեղեկացրեց, որ ներկա դրությամբ շուրջ 300 անձի վերաբերյալ գանգատ են ներկայացրել, ինչը կարելի է բաժանել մի քանի խմբի. բնականաբար, ունեն ռազմագերիների խումբ, բռնի անհետացածների, անհետ կորածների, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված հանցագործություններ՝ կյանքի իրավունքի խախտումների տեսքով, ունեն ռազմագերիների սպանությունների եւ խոշտանգումների մասով գանգատներ։

«Այս վերջին շրջանում ակտիվ ուսումնասիրում եւ փաթեթներ ենք նախապատրաստում՝ կապված սահմանային միջադեպերի հետեւանքով սպանվածների, առեւանգվածների իրավունքների պաշտպանության հետ։ Ընդ որում՝ այդ գործերից որոշներում կարող է բարձրաձայնվել նաեւ Ռուսաստանի պատասխանատվության հարցը, քանի որ հայերի նկատմամբ հանցագործությունները տեղի են ունեցել խաղաղապահ առաքելություն իրականացնող ներկայացուցիչների ներկայությամբ, եւ նրանց ներկայությունը չի կանխել այդ հանցագործությունների կատարումը։ Ռուսական կողմը նույնպես այդ միջադեպերի համար պետք է պատասխանատու լինի եւ գործադրի իր բոլոր հնարավորությունները՝ զսպելու ադրբեջանական հանցագործություններն ու սադրանքները։ Միանշանակ առաջնային պատասխանատուն Ադրբեջանն է, բայց չկանխելու դեպքում պատասխանատվություն է կրում նաեւ Ռուսաստանը»,- մանրամասնեց նա։

Թե ինչ հետեւանքներ եւ զարգացումներ են լինելու Ադրբեջանի համար, եթե բավարարվեն հայկական կողմի ներկայացրած հայցերը, զրուցակցիս խոսքով՝ նախեւառաջ արձանագրվում է ինքնին խախտման փաստը, որը բացահայտում է պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված հանցագործության հատկանիշները։ Բավարարման դեպքում հետեւելու է հայ զոհերի եւ նրանց ընտանիքի անդամների հանդեպ Ադրբեջանի նյութական պատասխանատվության հարցը։ Հաջորդը՝ որպես կատարողական գործընթաց հատուկ միջոցներ են ձեռնարկվելու զոհերի խախտված իրավունքները վերականգնելու եւ դրանց կրկնությունը բացառելու համար։

«Այստեղ կա քաղաքական մեծ աշխատանքի հնարավորություն, այդ թվում՝ միջազգային գործընկերների ներգրավմամբ, որպեսզի հասնենք հայերի նկատմամբ պաշտոնական Բաքվի որդեգրած քաղաքականության փոփոխության։ Երբ այս փաստերը ստուգվում եւ արձանագրվում են միջազգային դատական ատյանների կողմից, մեծ հեռանկար է բացվում համընդհանուր՝ ունիվերսալ իրավազորության հատկանիշներով այդ հանցագործությունների կատարման հետ առնչություն ունեցող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ, ինչու ոչ, պետության, պաշտոնատար անձանց նկատմամբ քաղաքական պատժամիջոցների կիրառման տեսանկյունից։ Եթե այս դատական գործընթացները չիրականացվեն, եւ Բաքուն որեւէ կերպով բացասական հետեւանքներ չկրի, կարծում եմ, որ նրանց քաղաքականությունը ոչ միան շարունակական է լինելու, այլեւ ստանալու է նոր մասշտաբայնություն։ Դրա համար չափազանց կարեւորում եմ այս գործընթացի կանխող նշանակությունը։ Պատժիչ մաս եւս առկա է, եւ պետք է ձգտել ամբողջ ծավալով իրականացնել այդ պատժիչ գործառույթը, բայց առնվազն կանխումն իրատեսական է»,- ընդգծեց իրավապաշտպանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր