211652_close_icon
views-count21544 դիտում article-date 09:46 24-02-2022

Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը կհանգեցնի մարդկային ողբերգական կորուստների. Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրել է կանխամտածված պատերազմը, որը «կհանգեցնի մարդկային ողբերգական կորուստների ու զրկանքների»:

 «Ողջ աշխարհի աղոթքներն այսօր Ուկրաինայի ժողովրդի հետ են, քանի որ նրանք տառապում են Ռուսաստանի զինված ուժերի կողմից սանձազերծված ու չարդարացված հարձակման հետևանքով: Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը կհանգեցնի մարդկային ողբերգական կորուստների ու զրկանքների: Միայն Ռուսաստանն է պատասխանատու այն մահերի ու ավերածությունների համար, որոնց կհանգեցնի այս հարձակումը, Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները և գործընկերները կպատասխանեն միասնական ու վճռորոշ կերպով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված Բայդենի հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ հանդիպելու է G7-ի գործընկերների հետ, ինչից հետո փետրվարի 24-ին կդիմի ամերիկացիներին ու կհայտարարի Ռուսաստանի դեմ ԱՄՆ և դաշնակիցների հետագա քայլերի մասին:

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել նոր ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Նա հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի  հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի ողջ տարածքում ռազմական դրություն մտցնելու մասին:

Նմանատիպ նյութեր