211652_close_icon
views-count2886 դիտում article-date 16:11 23-02-2022

Կառավարությունը Պտղնի համայնքի որոշ տարածքներ հանրության գերակա շահ ճանաչեց

Կառավարությունն այսօրվա նիստում Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում ընդունեց:

Որոշման ընդունումը պայմանավորված է Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի (ԳՍՊԿ) երաշխավորված, անխափան, անվտանգ և արդյունավետ շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ, իսկ դա հնարավոր չէ անել, առանց նշված հողամասերի նկատմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համապատասխան իրավունքի իրավաբանական ձևակերպման:

ԳՍՊԿ նախատեսված է Հայաստանwum գազի սպառման տարեկան (սեզոնային) անհավասարաչափությունը կարգավորելու, ինչպես նաև հանրապետություն ներմուծվող գազի սահմանափակումների դեպքում սպառողներին բնական գազով ապահովելու համար:

Աբովյանի ԳՍՊԿ-ն տեղակայված է Հրազդան գետի ձախ ափին Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական շրջանում: Տեխնիկական տեսանկյունից Աբովյանի ԳՍՊԿ-ն իրենից ներկայացնում է ստորգետնյա և վերգետնյա կառույցների համալիր:

ՀՀ գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեման նախատեսում է Աբովյանի ԳՍՊԿ-ի նոր կոմպրեսորային կայանի կառուցումը, որի համար 2015-2017 թթ. ՌԴ ԿՏՆԻ «Գազպրոեկտ» ՍՊԸ կողմից մշակվել է «Աբովյանի ԳՍՊԿ նոր կոմպրեսորային կայանի կառուցում» նախագիծը, համաձայն որի նոր կոմպրեսորային կայանի և արտադրական հրապարակի համար նախատեսված կառուցապատման հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 66018 մ2, այդ թվում 9706 մ2 գտնվում է գործող Աբովյանի ԳՍՊԿ սահմաններում և 56312 մ2 գտնվում է սահմաններից դուրս:

56312 մ2 հողատարածքից 54414,2 մ2 մակերեսով հողատարածքները սեփականության իրավունքով պատկանում են ֆիզիկական անձանց և համայնքին: Մնացած 1897,8 մ2 հողատարածքներից 1485,8 մ2 հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականություն, 412 մ2 տարածքը չունի սեփականատեր:

Համաձայն Կադաստրի կոմիտեի տրված տեղեկատվության այդ հասցեների անշարժ գույքի միավորների նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: Համաձայն նշված որոշման՝ տվյալ կադաստրային ծածկագրերով հողամասերը որպես նվիրաբերություն տրվել են Հայաստանի Հանրապետությանը՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից գազի ստորգետնյա պահեստարանների կառուցման համար: Ուստի, նշյալ կադաստրային ծածկագրերով հողամսերը կմնան որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և կօգտագործվեն ծրագրի կառուցման նպատակով:

Ըստ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային տվյալների՝ 07-054-0218-0007 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ 412 մ2, հանդիսանում է բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս, որի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարված չէ: Նշված հողատարածքը գտնվում է ծրագրի համար անհրաժեշտ տարածքի եզրային հատվածում՝ պարսպային մասում, ինչը չի կարող խոչընդոտել ծրագրի իրականացմանը: Ուստի, այս հողակտորին անդրադարձ կլինի անհրաժեշտության դեպքում:

Ելնելով վերոգրյալից, Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց և համայնքին պատկանող 54414,2 մ2 մակերեսով հողատարածքների նկատմամբ ճանաչել գերակա շահ:

Ծրագիրը ներառվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներդրումային ծրագրում: Ծրագիրն ունի համապետական կարևոր ռազմավարական նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման ապահովմանը:

Ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից և ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ հողամասերի վրա կատարվող աշխատանքները հանդիսանում են գազամատակարարման համակարգի անբաժան տեխնոլոգիական մասերը:

Նմանատիպ նյութեր