211652_close_icon
views-count121808 դիտում article-date 17:40 11-02-2022

ՀՀ ոստիկանապետի կարգադրության հետքերով. Ճանապարհային ոստիկանները ծննդյան օրվա առթիվ նվեր մատուցեցին ամենաբարձր աստիճանի խմած և կեղծ համարանիշներով Range Rover-ի վարորդին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ խիստ հանձնարարական է իջեցվել ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ  Եգոր Կարապետյանին, որի վերահսկողությունը դրվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի վրա, որպեսզի ճանապարհային ոստիկանությունը անողոք պայքար տանի այն վարորդների նկատմամբ,  ովքեր ավտոմեքենան վարում են կեղծ համարանիշներով և ոչ սթափ վիճակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  միայն վերջին ամիսների ընթացքում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին, 2-րդ, 3-րդ,  4-րդ, 5-րդ և 6-րդ վաշտերի ծառայողները իրենց սպասարկվող վարչական տարածքներից պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել  մոտ 2 տասնյակ  թանկարժեք ու «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների, որոնց վարորդները խախտել են ճանապարհային երթևեկության  կանոնները, որոշները չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, որոշները եղել են ոչ սթափ, որոշներն էլ ավտոմեքենաներին տեղադրել են այլ համարանիշներ:

Այսօր՝ փետրվարի 11-ին, ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Մարտունի քաղաքում  կեղծ արտասահմանյան համարանիշներով Range Rover  է հայտնվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վաշտի հրամանատար  Էդգար Սուսլիյանի կարգադրությամբ՝ դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստիկանները Մարտունի քաղաքի մի քանի բանուկ փողոցներում դարանակալումներ են իրականացրել և կարճ ժաման անց վաշտի հրամանատարը տեղեկություն  է ստացել, թե Մարտունի քաղաքի որ փողոցով է նշված Range Rover-ը  շարժվում:

 Հաշված վայրկյանների ընթացքում  ճանապարհային  ոստիկանները  կանգնեցրել են Range Rover-ի  վարորդին, ապա ավտոմեքենան տեղափոխել  ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը,  ով Մարտունի քաղաքի բնակիչ, 51-ամյա Վարդան Հակոբյանն է, ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է  ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճանի):

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Վ. Հակոբյանի ծննդյան օրն է ու  սթափվելուց հետո  նա պետք է իր շնորհակալությունը հայտնի ճանապարհային ոստիկաններին, քանի որ  չէր բացառվում, որ նա խմած վիճաում հնարավոր է ինքնավթարի ենթարկվեր   կամ դառնար ավտովթարի պատճառ:

Իսկ նման դեպքեր հանրապետությունում շատ են եղել, երբ իրենց ծննդյան օրով վարորդները ոչ սթափ վիճակում վթարի են ենթարկվել, որոշ դեպքերում էլ այն ունեցել է ողբերգական ավարտ:

Նմանատիպ մի դեպք տեղի ունեցավ օրեր առաջ  Տավուշի մարզում, երբ  32-ամյա վարորդը  իր ծննդյան օրով BMW-ով  բախվել  էր երկաթե արգելապատնեշներին ու տեղում մահացել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր