211652_close_icon
views-count2044 դիտում article-date 16:09 22-07-2026

Արարատի մարզում «մահաբեր» անունը ստացած Վեդիի կամուրջն ապամոնտաժվում է. կառավարության ֆինանսավորմամբ կառուցվում է նորը. պարեկներն էլ, ելնելով շինարարների ու վարորդների անվտանգությունից, ուժեղացված ծառայություն են կատարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին տարիներին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ հանրապետությունում իրականացվել ու շարունակվում են ճանապարհների հիմնանորոգման, որոշ հատվածներում նոր ճանապարհների կառուցման, ինչպես նաև կամուրջների հիմնանորոգման և նորերի ստեղծման աշխատանքները:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամուրջը, որը կառուցված է եղել սովետական տարիներին, վերջին տարիներին ամբողջությամբ դարձել էր վտանգավոր ու հայտնվել վթարային վիճակում, և այդ կամրջի վրայով երթևեկությունը հղի էր վտանգներով։ Իսկ այդ կամրջի հարևանությամբ անընդհատ տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական։

Կամրջի հարևանությամբ ապրող գյուղերի ու Վեդի քաղաքի բնակիչները անընդհատ բարձրաձայնում էին խնդիրը՝ խնդրելով կառավարությանը, որպեսզի այդ կամուրջը հիմնանորոգվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ուսումնասիրվել է կամրջի վիճակը, և եկել են եզրակացության, որ այն նորոգելու դեպքում հազիվ մի քանի տարի հնարավոր լինի շահագործել, ճիշտը նոր կամրջի կառուցումն է։

Այսօր՝ հուլիսի 22-ին, արդեն սկսվել են կամրջի ապամոնտաժման աշխատանքները, որից հետո կսկսվի նոր կամրջի կառուցումը: 

Այդ ընթացքում նշված հատվածում, ելնելով վարորդների ու կամուրջը կառուցողների անվտանգությունից, տեղում ծառայություն են իրականացնում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի և Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում կամրջի վրա շինարարություն կատարող աշխատակիցներն ասում էին. «Եթե պարեկները չլինեն, կան որոշ վայ հետաքրքրասեր վարորդներ, որ մեքենաները կայանում են ու ստեղծում անհարմար վիճակ։ Բայց լավ է, երբ պարեկ է լինում, ոչ ոք չի համարձակվում մեքենան կայանել, ինչը հեշտացնում է մեր աշխատանքը։ Իսկ մենք էլ խոստանում ենք, որ ապահովելու ենք որակ, որ մեր կառուցած կամուրջը 100 տարուց ավելի շահագործվելու է։ Չենք ուզում փնովել Սովետին, բայց էդ մարդկանց կառուցած կամուրջը 60 տարուց ավելի իր գործն արել է, իսկ հիմա այն պիտի ապամոնտաժվի, որովհետև նույնիսկ սյուներ են քայքայվել»։

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր