211652_close_icon
views-count6223 դիտում article-date 15:23 23-07-2026

Արագածոտնի քրեական ոստիկանները հսկայածավալ օպերատիվ աշխատանքի արդյունքում բացահայտել են Մելիքգյուղում 4 ամիս առաջ կատարված առանձնակի դաժան դեպքը․ կասկածյալ եղբայրները իրենց մորը կյանքից զրկել ու թաղել էին կիսակառույց շինությունում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հուլիսի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Եգանյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի ծառայողները շաբաթներ շարունակ հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արագածոտնի մարզում բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն՝ այն է սպանություն։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 4 ամիս է ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն ու Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները որպես անհետ կորած որոնում էին Արագածոտնի մարզի Մելիքգյուղի բնակիչ մի կնոջ։ 

Շաբաթներ առաջ հարազատները դիմել էին ոստիկանության Ապարանի բաժին ու հայտնել որ իրենց մայրը, ում անունը Ռուզան է, տանից դուրս է եկել և ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին։ Մի քանի օր որոնողական աշխատանքներից հետո կնոջ անհետանալու փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ ու երկար ու ձիգ շաբաթներ կնոջ որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ քրեական ու համայնքային ոստիկաններն էլ աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ։

Երեկ արդեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում վստահ լինելով իրենց կողմից կատարված օպերատիվ աշխատանքին, ապա վստահ լինելով վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հավաստիությանը այցելում են Մելիքգյուղ և որոնվող կնոջ բնակության վայր են հրավիրում նաև ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներին։ Տեղում պարզվում է, որ Արագածոտնի քրեական ոստիկանները գործել են բավականին պրոֆեսիոնալ և սահմռկեցուցիչ սպանությունը բացահայտել են, ինչից հետո դեպքի վայր են ժամանում ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի քննչական բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ռուդիկ Գրիգորյանը և ավագ պարեկ Գոռ Սենոքյանը։

Կարճ ժամանակում փաստերի ճնշման տակ կասկածյալները խոստովանում են, որ իրենք են կնոջը զրկել կյանքից, ապա դին թաղել տանը կից կիսակառույց շինության ներսում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով սպանվածը 56-ամյա Ռուզաննա Մ․-ն է, իսկ կասկածյալները սպանվածի 2 որդիներն են՝ 25-ամյա Էրիկ Պ․-ն և 20-ամյա Էդիկ Պ․-ն, ովքեր քննիչի որոշմամբ ձերբակալվել են։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում, բայց որ Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները շաբաթներ շարունակ 24 ժամ ռեժիմով կատարել են հսկայածավալ աշխատանքներ, դա փաստ է և գովելի։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր