211652_close_icon
views-count1912 դիտում article-date 11:32 23-07-2026

Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում. հարյուրավոր աշխատակիցներ պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների. ժամանել են մեծ թվով իրավապահներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 23-ին,  լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում հայտնի «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ «Առինջ մոլ»-ի հարյուրավոր աշխատակիցների՝ առավոտյան իրավապահները կրկին այցելել են առևտրի կենտրոն և գործողություններ են իրականացնում, ինչի համար էլ աշխատակիցները չեն կարողանում իրենց առօրյա առևտուրն անել։

Աշխատակիցներն ի նշան բողոքի պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների, ընդհուպ փակելով Արտաշատի խճուղի - Սևան ավտոճանապարհը, սակայն այս պահին ոստիկանները բանակցություններ են տանում նրանց հետ, որպեսզի նման քայլի չդիմեն։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Առինջ մոլ»-ի աշխատակիցներն արդարացիորեն իրենց դժգոհությունն էին բարձրաձայնում՝ ասելով․ 

«Տաղավարի տեր ենք։ Եկել, 20 խանութից ավելի փակել են։ Պատճառաբանում են, թե բարձրավոլտ հոսանքալարերի տակ է գտնվում տարածքը, բայց հենց նույն պահին դիմացը շինարարություն է տեղի ունենում, ու նշված տարածքը ևս այդ հոսանքալարերի տակ է։ Ցավալի է նաև, որ մեզ ոչ մի փաստաթուղթ, ոչ մի հիմք չեն ներկայացնում, պարզապես բառացի փոխանցել են պատճառը ու ոչ աշխատանքային օրով եկել, պլոմբել են տաղավարներն ու գնացել»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ իրավապահների՝ տաղավարների փակման պատճառը այն է, որ այդ տարածքով անցնում են բարձր լարում ունեցող հոսանքալարեր։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում աշխատակիցները նաև նշում էին. «6 տարուց ավելի աշխատել ենք, հարկեր ենք մուծել, բայց 6 տարուց ավելի չէին տեսե՞լ էդ լարերը, բա էդ ժամանակ գայիք։ Հիմա քաղաքական հաշվեհարդարի արդյունքում որոշեցիք հիշել մեր անվտանգության մասին։ Էդ ամենը հեքիաթ է ու էդ ամենից անգամ եփած հավի ծիծաղն է գալիս։ Էնպես որ մենք պահանջում ենք, որպեսզի չխոչընդոտեն հազարավոր ընտանիքների՝ հաց վաստակելու առօրյա աշխատանքին»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այնուամենայնիվ «Առինջ մոլ»-ի մեծ մասում ոչ մի խոչընդոտ չկա, և տաղավարներում շարունակում են աշխատանքը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր