211652_close_icon
views-count1880 դիտում article-date 14:46 08-02-2022

Վարդենիսի պոլիկլինիկան վերազինվել է նորագույն լաբորատոր եւ ախտորոշիչ սարքավորումներով

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի պոլիկլինիկան 2021 թվականի ընթացքում վերազինվել է նորագույն բուժսարքավորումներով, ինչի շնորհիվ մատչելի է դարձել մի շարք բուժծառայությունների հասանելիությունը բնակչությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրեն Աշխեն Խլոյանը, 2021 թվականին խնայած միջոցներով  ձեռք է բերվել ջեռուցման կաթսա, ինչի շնորհիվ հաջողվել է ապահովել կենտրոնացված ջեռուցումը բուժհաստատության շենքում։ Պոլիկլինիկայի եւ նրա կազմում ընդգրկված  բժշկամանկաբարձական կետերի շենքերը հագեցվել են բժշկական սարքավորումներով, գրասենյակային գույքով եւ մանկական կշեռքներով։ Հագեցվել են պոլիկլինիկայի ակնաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի կաբինետները։ Ձեռք են բերվել նոր ժամանակակից լաբորատոր եւ դիագնոստիկ սարքավորումներ։

«Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ սրտաբանի եւ բժշկական առաքելության ղեկավար Պերճ Աբգարյանի միջեւ կնքվել է համաձայնագիր, որի արդյունքում սրտաբանին հանձնվել է ԷԽՈ սրտագրության ժամանակակից սարքավորում։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրված փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում եւ ՀՀ միասնական սոցիալական ծառայության եւ «Երիտասարդություն հանուն փոփոխության» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում պոլիկլինիկան վերազինվել է ակնաբուժական «Ավտոռեֆրակտոմետր» ախտորոշիչ սարքով։

«Այս ամենը մեծ ձեռքբերում է Վարդենիսի տարածաշրջանի ազգաբնակչության բժշկական օգնության եւ սպասարկման որակը բարձրացնելու համար` մատչելի դարձնելով ծառայությունների հասանելիությունը բնակչությանը: Արդյունքում՝ ավելացել է  դիմելիությունը եւ հոսքը դեպի Վարդենիսի պոլիկլինիկա։ Փոխարենը կրճատվել է առողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների հոսքը դեպի մայրաքաղաքի բուժհաստատություններ։

Այս առումով մեր քաղաքացիներն արդեն գումար խնայելու հնարավորություն ունեն՝ իրենց բուժումը ստանալով տեղում։ Տնտեսված միջոցների հաշվին առաջիկայում նախատեսել ենք ձեռք բերել գերձայնային հետազոտության սարք»,- նշեց Աշխեն Խլոյանը։

Նմանատիպ նյութեր