211652_close_icon
views-count797 դիտում article-date 11:29 08-02-2022

Վերապրելու են հարմարվողները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ հաջորդ իշխանափոխությունից հետո, երբ էլ դա լինի, ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը ու բոլոր մնացած իրավապահ մարմիններն իրենց ժամանակի եւ ներուժի մեծ մասը ծախսելու են ՔՊ-ականների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց տակը «կոմպրոմատով փորելու» վրա: Բռնագանձվելու է ՔՊ-ական պատգամավորների եւ բարձրաստիճան պաշտոնյաների «ապօրինի գույքը»: (Եթե, Աստված մի արասցե, իշխանության գա Քոչարյանը, ապա ՔՊ-ականներով գործընթացը չի սահմանափակվի՝ նա մեկ առ մեկ «կհիշի» բոլոր նրանց, ովքեր վերջին մի քանի տասնամյակում իր հասցեին որեւէ թթու խոսք են ասել): Այդ մոտեցման ամենակարեւոր բացասական հետեւանքն, իմ կարծիքով, այն է, որ դա չափազանց անարդյունավետ է դարձնում պետական համակարգի աշխատանքը:

Կարելի է միայն ենթադրել, թե այս 3,5 տարվա ընթացքում քանի հազար մանր ու միջին չինովնիկ է կանչվել հարցաքննությունների, որոնց ընթացքում այդ պաշտոնյաներին խնդրել, հորդորել, համոզել, պահանջել են, որ նրանք ցուցմունք տան այս կամ այն թիրախավորված «նախկինի» դեմ՝ ընդ որում, հաճախ 10 կամ 20 տարվա հնության գործերի վերաբերյալ: Դա արվում էր ոչ թե արդարության, օրինականության եւ մնացած լավ-լավ բաների, այլ՝ քաղաքական վրեժի, հասարակության զգացմունքներին հագուրդ տալու եւ քարոզչական էֆեկտ ստանալու համար: Կառավարության շենքից ղեկավարվող իրավապահների այս տիտանական աշխատանքը առանձնապես խոշոր «որսաքանակի» չի հանգեցրել, եւ հիմնական պատճառներն, իհարկե, «նախկինների» ճարպկությունն է, նրանց զգուշավորությունը, ինչպես նաեւ՝ իրավապահների պրոֆեսիոնալիզմի պակասը:

Ինչպե՞ս է այդ ամենն անդրադառնում պետական պաշտոնյաների վրա: Նրանք, բնականաբար, տեսնում են, որ այդ քրեական գործերի նպատակն ամենեւին օրինականությունը չէ, որ Աննա Վարդապետյանի կամ կառավարության այլ պաշտոնյաների միջնորդությամբ ուղղորդվող քննիչների նպատակը բոլորովին այլ է: Դրանից ի՞նչ եզրակացություն կարող է անել շարքային բյուրոկրատը: Ինձ թվում է, պատասխանը պարզ է՝ «արի, ես ոչ մի բան չանեմ, ոչ մի նախաձեռնություն չցուցաբերեմ, որպեսզի ինձ 10 կամ 20 տարի հետո չկանչեն»:

Այժմ ընթանում է դատական դաշտի «մաքրազարդումը» («зачистка»): Ովքեր են մնալու դատավորների շարքերում, եթե այս իշխանությունը գոյատեւի եւս, ասենք, 5 տարի. «թմբուկ խփողները» (ՔՊ-ական «կոմսոմոլը») եւ նրանք, ովքեր ծառայել են «նախկիններին» (որովհետեւ, նրանց համար միեւնույն է՝ նրանք «Բաղրամյան-26-ի» հրահանգներն են կատարում թե Հանրապետության հրապարակի): Բայց իշխանափոխությունից հետո այսօրվա «կոմսոմոլները» կփոխարինվեն նոր «կոմսոմոլներով»: Իսկ հրահանգներ կատարողերը կմնան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր