2020 թվականից Հայաստանը լրջորեն ավելացրել է հացահատիկի ներմուծումը․ ո՞րն է գլխավոր պատճառը. NEWS.am
2021 թվականին Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 458.7 հազ. տոննա հացահատիկ, որից ցորեն՝ 349.8 հազ. տոննա: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
2019 թվականին հացահատիկի ներմուծումը կազմել է 353.1 հազ. տոննա, որից ցորեն՝ 250.3 հազ. տոննա:
2020 թվականին հացահատիկի ներմուծումը կազմել է 460.4 հազ. տոննա, որից ցորեն՝ 350.5 հազ. տոննա:
Երկու դեպքում էլ մոտավոր 100 հազար տոննայով (30%-ով) պակաս է, քան առաջիկա երկու տարիներին։
Նման թվերը վկայում են 44-օրյա պատերազմի հետեւանքով արտաքին շուկաների այդ ռազմավարական արտադրանքից Հայաստանի կախվածության աճի մասին։
Այս կապը կարելի է տեսնել՝ հետեւելով մինչ պատերազմը Արցախում հացահատիկի արտադրության (մոտ 150 հազար տոննա) ցուցանիշներին եւ արտահանման ծավալներին։ Եթե հաշվի առնենք, որ հենց Արցախում սպառման ծավալը կազմել է մոտավորապես 30 հազար տոննա, ապա նույնիսկ պարզ թվաբանական հաշվարկով կարելի է պարզել, որ Արցախը Հայաստանին տարեկան մատակարարել է հենց այն 100 հազար տոննա հացահատիկը, որն այժմ Հայաստանը ստիպված է լրացուցիչ գնել երրորդ երկրներից։
Հավելենք, որ ցորենի ներմուծման 88%-ը (2019 թվականին) եւ 99%-ը (2020 թվականին) բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը:
Հայաստան հացահատիկ է ներկրվում նաեւ Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից եւ այլ երկրներից։