Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը
Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը:
Երգահանը մահացել է փետրվարի 4-ին, հիվանդանոցում:
Կենսագրություն
Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը (Արտաշես Գրիգորի Գրիգորյան) ծնվել է 1958թ. հուլիսի 31-ին, Երևանում։
Սովորել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։
1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։
1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում։
1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։
1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։
1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։
1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։
1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։
2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։
Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։
Մրցանակներ, պարգևներ
1996 Մովսես Խորենացու մեդալ
2005 ԼՂՀ մեդալ
2005 «Վաչագան Բարեպաշտ» մեդալ
2008 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
2003 ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
2011 Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ։
Մահացել է 2022 թ. փետրվարի 4-ին, Երևանում