211652_close_icon
views-count2934 դիտում article-date 10:35 28-01-2022

«Քիմիա»՝ «կայսրի» և «ինքնակալության» հետ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ռուսաստանում պետք է վերականգնվի ինքնակալության ինստիտուտը, իսկ երկրի առաջին դեմքը պետք է կոչվի ցար կամ կայսր: Այդպիսի առաջարկ է արել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին (ուշադրություն դարձրեք կուսակցության անվանման վրա):

Ավելի վաղ ՌԴ կոմունիստները Դումային նախագիծ են ներկայացրել, որով օրենսդիր մարմինը պետք է դիմի Պուտինին, որպեսզի վերջինս ճանաչի Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները: Դումայի պրոֆիլային կոմիտեն, ի դեպ, համաձայնել է այդ նախագիծը քննարկել:

Կանխատեսելի է, որ այդ երկու առաջարկներն էլ, ամենայն հավանականությամբ, կյանքի չեն կոչվի. ավտոկրատ ռեժիմները սիրում են «լեգալության շղարշը»՝ օրինականության ֆասադը մշտապես փորձում են պահպանել, եւ ամեն մի քայլի համար փնտրվում են իբրեւ օրենքից բխող «արդարացումներ», եթե, իհարկե, բացահայտ ապօրինի գործելու անհրաժեշտություն չկա: Օրինակ, ոչինչ չէր խանգարում Վլադիմիր Պուտինին՝ ինքն իրեն հռչակել ցմահ նախագահ կամ թեկուզ հենց կայսր: Բայց նա նման քայլի չի դիմել. 2020-ին անցկացրել է սահմանադրական հանրաքվե, որի արդյունքում նրա ղեկավարման բոլոր նախկին ժամկետները «զրոյացվել են», եւ ՌԴ գործող նախագահն այժմ ոչ մի խնդիր չունի վերընտրվելու 2024 եւ, շատ հնարավոր է, 2030 թվականներին:

Բայց պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանում խորհրդարանական ընդդիմությունն իրականում ընդդիմություն չէ, իսկ իրական ընդդիմադիր շրջանակներին գրանցում են որպես «արտասահմանյան գործակալ», իսկ երբեմն բնորոշում են որպես «ծայրահեղականներ» եւ մոտ չեն թողնում Պետդումային: Հետեւաբար, Ժիրինովսկուն եւ Զյուգանովին՝ իրենց կուսակցություններով հանդերձ, կարելի է համարել իշխանության «անուղղակի խոսնակներ»՝ նրանք ներքին եւ արտաքին լսարաններին ուղերձներ են հղում՝ կարծես թե, իրենց անունից, բայց իրականում հասկացնում են, թե ինչպիսի տրամադրություններ կան Կրեմլում: Ըստ այդմ, այնտեղ կառավարման լավագույն ձեւ են համարում ինքնակալությունը (ոչ թե «սուվերեն ժողովրդավարությունը»), Պուտինը ցանկանում է, որ իրեն ընկալեն որպես կայսր, իսկ ինչ վերաբերում է Դոնեցկին եւ Լուգանսկին, ապա դա սպառնալիք է, որը հնչեցվում է որպես պատասխան Արեւմուտքի՝ Ուկրաինայի հարցում կոշտ հռետորաբանությանը: Սպառնալիք, որի իրականցման հավանականությունը, կրկնեմ, բավականին փոքր է:

Ի՞նչ է դա նշանակում մեզ՝ հայաստանցիներիս համար: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի վերջին երեք ղեկավարների եւ Պուտինի միջեւ գոյություն ունի որոշակի «քիմիա» (այս կամ այն աստիճանի), դա նշանակում է, որ երկու երկրների միջեւ տեղի է ունենում որոշակի «սինքրոնացում»: Եթե այնտեղ կայսր է, այստեղ «գեներալ-նահանգապետ» պետք է լինի, եթե այնտեղ սահմանափակվում են տեղական ինքնակառավարման լիազորությունները, այստեղ էլ պետք է ՏԻՄ-երը զրկել ինքնուրույնությունից, եթե Ռուսաստան-Արեւմուտք կռիվ է գնում, մենք կարո՞ղ ենք Արեւմուտքի հետ ջերմ հարաբերություններ ունենալ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր