211652_close_icon
views-count2285 դիտում article-date 10:47 15-06-2019

«Սովետա-ասիական քիմիա»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպել է ծանր հանցագործության մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահի հետ, իսկ ՌԴ-ն, մեղմ ասած, չի շտապում արտահանձնել նույնպես լուրջ հանցագործության մեջ կասկածվող Միհրան Պողոսյանին: Դրանք, իհարկե, տհաճ երևույթներ են, որոնք շատերը գնահատեցին որպես մեր երկրի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքի դրսևորում: Բայց պետք է հասկանալ, որ գոյություն ունի այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը շատ դիպուկ գնահատել է որպես «քիմիա»: Այդ «քիմիան», այսինքն՝ միևնույն արժեհամակարգի վրա հիմնված հոգևոր մտերմությունն իսկապես գոյություն ունի Պուտինի և Քոչարյանի միջև: Խոսքի ազատության խիստ սահմանափակում, քաղաքական մրցակցության բացակայություն, ընտրությունների ինստիտուտի վերացում՝ ահա այն արժեքները, որոնք դավանում են այդ երկու լիդերները: Սակայն դա ռուսական պետական մշակույթի անբաժանելի մասն է, և ամենևին էլ փաստ չէ, որ այդ հսկայական, բազմազգ երկիրը հնարավոր է տանել մեկ այլ ճանապարհով: Ռուսաստանի հետ բոլոր դեպքերում մենք պետք է ունենանք բարեկամական հարաբերություններ, բայց դա ամենևին չի նշանակում, որ մեր երկիրը պետք է նմանվի Ռուսաստանին. ամեն մի ժողովուրդ իր ընտրությունն է անում: Ընդհանրապես պետք է գիտակցել, որ տարածաշրջանը, որում բախտի բերմամբ, թե պատահմամբ մենք՝ հայերս, հայտնվել ենք, ունի մի շարք առանձնահատկություններ: Նազարբաևը Պուտինին ու Լուկաշենկոյին պարգևատրում է Նազարբաևի անվան շքանշանով, և դա մեր կողմից որպես զավեշտ է ընկալվում: Ավելի զավեշտալի կլիներ, իհարկե, եթե Նազարբաևը նման շքանշան տար Հայաստանի վարչապետին՝ շատ լավ է, որ չի տվել, չնայած ուրիշ կարծիքներ նույնպես կային: Բայց Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների մեծամասնության համար այն, որ մարդն իր անվան շքանշան է տալիս, ամենևին էլ անեկդոտ չէ. նրանք դա ընկալում են որպես հարգանքի նշան, որպես իմաստուն քայլ, որը կամրապնդի պետությունների միջև բարեկամական հարաբերությունները: Կարո՞ղ ենք ասել, որ մեր ընկալումը ճիշտ է, նրանցը՝ սխալ: Կարծում եմ՝ ոչ: Ամեն ազգ ունի իր մշակույթը, իր անցած պատմական ուղին, և այդ տարբերություններին պետք է վերաբերվել հարգանքով: Պարզապես այդ մշակույթը մեզ համար խորթ է, և դա, ի դեպ, արտահայտվում էր նաև Խորհրդային շրջանում, երբ Կարեն Դեմիճյանի վարքագիծը տարբերվում էր Ադրբեջանի և միջինասիական հանրապետությունների լիդերների վարքագծից: Ռոբերտ Քոչարյանն այդ, պայմանականորեն ասած, «սովետա-ասիական» մշակույթի կրողն է, և նրա «քիմիան» Պուտինի հետ ինձ միանգամայն բնական է թվում: Ուրիշ հարց, որ վերջին 20 տարիների ընթացքում այդ մշակույթը պետական մակարդակով սերմանում էին Հայաստանում, և այնպես չէ, որ այն մեր երկրում հող չունի: Բայց 30 տարում մեր երկրում մեծացել է նոր սերունդ, որը շատ հեռու է այդ մշակույթից: Քոչարյանի երկրպագուները, անկախ իրենց գործողությունների մոտիվացիայից, պետք է դա, համենայնդեպս, հաշվի առնեն»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր