211652_close_icon
views-count145652 դիտում article-date 13:02 15-01-2022

Արարատի մարզում Ուրցաձորի նախկին գյուղապետի տղան Նիվայով հարվածել է ոստիկանապետի տեղակալի Toyota-ին, ապա սպառնալիքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին՝ ասելով. «Դուք էդքան կա՞ք, որ էկել եք հորս հետևից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի 58 PP 999 համարանիշի ավտոմեքենան Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծի փողոցում՝ Ուրցաձորի գյուղապետարանի և դպրոցի մոտ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota Corolla մակնիշի 040 II 04 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ 

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի, Վեդու քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և Վեդու քննչական բաժնի պետի տեղակալ Լևոն Անտանոսյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota Corolla-ն հաշվառված է ոստիկանության Արարատի մարզային վարչության հաշվեկշռում և այն սպասարկում է ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հայկ Ստեփանյանին, իսկ Նիվան վարել է Ուրցաձոր գյուղի նախկին գուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի որդին՝ Դավիթ Անդրեասյանը, ով և նրա հետ գտնվող ևս 1 հոգի բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։ 

Նիվայում հայտնաբերվել է զենք-զինամթերք։ Տեղի ունեցածը ավտովթար է, թե այլ հանցագործություն, կպարզվի նախաքննության ընթացքում, որը վարում է Արարատի մարզային քննչական վարչությունը։ 

Երկու ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Լսեցինք, որ վթար է էղել, մեկ էլ էն տեսանք, որ Նիվայի միջից գյուղապետի տղեն դուրս էկավ, հարձակվեց ոստիկանների վրա, թե՝ դուք էդքան կա՞ք, որ էկել եք մեր գյուղ, հերիք չի, մի հատ էլ ուզում եք պապայիս տանեք։ Ձեզ ո՞վ ա թույլատրել հորս հետևից գաք ու էդքան կա՞ք, որ հորս տանեք քաղմաս»։

Ֆոտոլրագրողի հարցին, իսկ գուցե ձեզ թվացե՞լ է, որ նախկին գյուղապետի տղան է եղել, նրանք ասում էին.«Հո մենք ուղեղից կախ չե՞նք։ Ի՞նչ ա, չե՞նք ճանաչում մեր նախկին գյուղապետի տղուն»։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր