Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանում է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Էրդողանի օգնականի խոսքերի առնչությամբ
Մոսկվան Անկարայից պարզաբանում է խնդրել Ղազախստանում ՀԱՊԿ ուժերը կիրառելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի օգնականի հայտարարության առնչությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն եղավ նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը դատապարտել է ՀԱՊԿ-ին հրավիրելու հետ կապված՝ Ղազախստանի գործողությունները: Մենք հիմա խնդրել ենք մեր թուրք գործընկերներից պարզաբանում այն մասին, թե ինչ է դա նշանակում»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, նախարարը, պատասխանելով հայաստանցի լրագրողի հարցին, ընդգծել է, որ չի նկատել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների «նյարդային արձագանքը»՝ կապված ՀԱՊԿ խաղաղապահներ Ղազախստան ուղարկելու առնչությամբ:
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգնի բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում էր կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։
ՀԱՊԿ-ի խաղաղապահների ստորաբաժանումներն ավարտել են իրենց առաքելությունը Ղազախստանում: Հունվարի 14-ին Հայաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի խաղաղապահների ստորաբաժանումները հեռացել են Ալմաթիից եւ մեկնել մշտական տեղաբաշխման վայրեր: