211652_close_icon
views-count1957 դիտում article-date 22:00 04-01-2022

Բաբկեն Թունյանը մեկնաբանել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չերկարաձգելու որոշումը

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ Հայաստանում վերջնական որոշակի տեսակետ չկա: Այդուհանդերձ, կառավարությունը որոշում է կայացրել հանելու արգելանքը՝ հաշվի առնելով բոլոր կողմ և դեմ կարծիքները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին պարզաբանեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ արգելքն, ըստ էության, չէր ծառայում իր նպատակին, քանի որ թուրքական ապրանքները, միևնույն է, զարտուղի ճանապարհներով հասնում էին Հայաստան՝ գտնելով իր սպառողին և խթանելով շատ ապրանքատեսակների գնաճը:

«Եթե հարցը դնում ենք հայրենասիրության տեսանկյունից՝ ավելի կարևոր է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանում թուրքական ապրանքների նկատմամբ պահանջարկ կա: Եթե համեմատում ենք 44-օրյա պատերազմի վիճակի հետ, երբ բոլորը համատարած բոյկոտում էին թուրքական ապրանքները, հիմա պիտի հասկանանք՝ ի՞նչն է պատճառը, որ մարդիկ նորից ցանկանում են գնել թուրքական ապրանքներ: Եթե ինչ-որ մի ապրանքի պահանջարկը կա՝ այդ ապրանքը, միևնույն է, գտնելու է իր շուկան և հասնելու է իր սպառողին՝ լինի զարտուղի ճանապարհով, թե ավելի թանկ գնով: Դրա համար արհեստականորեն ինչ-որ բան անելը ճիշտ չէ: Եթե այդ էմոցիոնալ մասը դնում ենք մի կողմ՝ պիտի գնահատենք դրա նպատակահարմարությունը տնտեսական առումով», - ասաց Բաբկեն Թունյանը:

Ինչ վերաբերում է հարցի տնտեսական կողմին՝ տնտեսագետ պատգամավորը հիշեցրեց, որ թուրքական ապրանքների ներկրման արգելքը ժամանակավոր էր, երկրորդը՝ այն մասնակի էր: Օրինակ, արգելված էին վերջնական սպառման ապրանքները, սակայն հումքային ապրանքների ներմուծումը թույլատրվում էր: Երրորդը, արգելքը սահմանելուց հետո ցանկը մի քանի անգամ ճշգրտման է ենթարկվել, քանի որ պարզվել է, որ կան ապրանքատեսակներ, որոնք հարմար փոխարինիչներ չունեն:

«Ես զուտ տնտեսական առումով կարող եմ խոսել, որ այդ արգելքի արդյունքում, ցավոք սրտի, ունենք մի իրավիճակ, երբ փաստացի թուրքական ծագման ապրանքները տարբեր ճանապարհներով Հայաստան են մտնում, որովհետև հսկողություն, մաքսային վարչարարություն իրականացնելը պրակտիկորեն անհնար է, և արդյունքն ընդամենը լինում է այն, որ Հայաստանում հագուստի, կենցաղային պարագաների և այլ ապրանքատեսակների գինը բարձրանում է, քանի որ այդ ապրանքները ավելի բարդ ճանապարհ են անցնում: Այսինքն՝ այն խնդիրը, որ մենք ի սկզբանե դրել էինք մեր առջև քաղաքական առումով, ստացվում է՝ չի ծառայում իր նպատակին», - մեկնաբանեց Բաբկեն Թունյանը:

Իսկ եթե մտածում ենք միայն տնտեսական նպատակահարմարության մասին՝ տեղական արտադրությունը խթանելու առումով, այլ խոսքերով՝ արգելենք թուրքական ապրանքների ներմուծումը, որպեսզի տեղական ապրանքների արտադրությունը զարգանա, ապա այդ տրամաբանությամբ, ըստ տնտեսագետի, պետք է արգելվի արտասահմանյան բոլոր տեսակի ապրանքների ներմուծումը Հայաստան: Սակայն այդ դեպքում, պատգամավորի խոսքով, մեծ հարց է, թե այդպիսի արհեստական պայմաններ ստեղծելով՝ տեղական արտադրությունը մրցունակ կդառնա՞, թե՞ ընդհակառակը:

Եվ բացի այդ, ինչպես «Արմենպրես»-ի զրուցակիցը շեշտեց, թուրքական ապրանքատեսակները ամբողջությամբ չէին արգելվել, արգելվել էին միայն վերջնական սպառման ապրանքները: Օրինակ, եթե թուրքական արտադրության հագուստն արգելվել էր, ապա կտորը, կոճակը և մյուս պարագաները, որոնցով կարում են այդ հագուստը, ներմուծվում էին, դրանցով պատրաստվում էր հագուստ, ու քանի որ ընդհանուր գինը բարձրացել էր՝ այդ թանկ գնով վաճառվում էր Հայաստանում:

«Ուստի, ցանկացած պարագայում, պիտի վերլուծություն արվի՝ հաշվի առնելով բոլոր դրական ու բացասական կողմերը», - հավելեց Բաբկեն Թունյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը անդրադարձել է հարցին՝ նշելով, որ էմգարգոն չերկարաձգելու որոշումը կայացվել է միջգերատեսչական քննարկումների արդյունքում: Ըստ նախարարության՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ:

Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում: Իսկ էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն, ըստ Էկոնոմիկայի նախարարության, գնաճի վրա էական ազդեցությունն է, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա: Բացի այդ, քիչ չեն եղել հայ գործարարների դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին:

Թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան արգելվել էր 2020 թ. դեկտեմբերի 31-ից՝ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ջանքերով սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ: Արգելքի գործողության ժամկետը այնուհետև երկարաձգվել էր մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Էկոնոմիկայի նախարարությունը տարվա վերջին տեղեկացրել էր, որ արգելքը լրացուցիչ վեց ամսով երկարաձգելու որոշման նախագիծ է մշակվում, սակայն այն այդպես էլ չհայտնվեց կառավարության օրակարգում: 2021 թ. դեկտեմբերի 31-ին տեղի ունեցավ կառավարության տարվա վերջին նիստը, և քանի որ նախագիծը չէր ընդգրկվել նիստի օրակարգում՝ պարզ դարձավ, որ մեկ տարի գործող արգելքը 2022 թ. հունվարի 1-ից չի գործելու: Էկոնոմիկայի նախարարությունը ավելի ուշ հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ որոշում է ընդունվել էմբարգոն չերկարաձգելու մասին:

Արամ Սարգսյան

Նմանատիպ նյութեր