211652_close_icon
views-count5721 դիտում article-date 11:14 03-01-2022

Գործ ունենք ինձ և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ. Դավիթ Տոնոյան․ Hraparak.am

Հաշվի առնելով տարբեր լրատվամիջոցների, մասնավորապես՝ 168.am, 24news.am, Aravot.am, Armeniasputnik.am, Armdaily.am, Aysor.am, Azatutyun.am, Factor.am, Hetq.am, Mediamax.am, News.am, Pastinfo.am, քրեական գործի նախաքննության ընթացքում ներկայացված հարցադրումները, ինչպես նաեւ քրեական գործով նախաքննության ավարտվելը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հարկ է համարել անդրադառնալ դրանցից մի քանիսին, հայտնում է Hraparak.am-ը:

Պարոն Տոնոյան, Ձեր փաստաբանական խմբի բոլոր հայտարարություններում նշվում է, որ Ձեր ձերբակալությունն ու կալանավորումը ապօրինի են: Մասնավորապես, 2021թ. հոկտեմբերի 11-ի հայտարարության մեջ ասված էր, որ «գործ ունենք բանսարկության դասական օրինակի հետ»: Ովքե՞ր են բանսարկուները եւ որոնք են նրանց շարժառիթները:

Բանսարկուները նրանք են, ում տրամադրած տեղեկությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ, առաջադրվել է մեղադրանք, կալանավորվել են նախկին եւ գործող պաշտոնյաները։ Բանսարկուները նրանք են, ում զեկույցների հիման վրա, ինչպես նշվեց ԱԺ ամբիոնից, «քաղաքական կամք է դրսեւորվել էդ կարգի գործերի բացահայտման համար»։ Ընդ որում, նախաքննության ավարտից հետո չհաստատվեցին նախկին եւ գործող պաշտոնյաների, ԱԺ նախկին եւ գործող պատգամավորների փաստարկները, որոնք ուղիղ շահագրգռվածություն են ունեցել անձնապես իմ դեմ վերոհիշյալ տեղեկությունների տրամադրման եւ զեկուցման հարցում։ Նրանց անունները արժանի չեն հիշատակման, բացի դրանից՝ հիշյալ անձանց հայտարարությունները եղել են հրապարակային:

Անգամ եթե իմ դեմ անհիմն հարուցված քրեական գործը կարճվեր, ես, միեւնույնն է, պահանջելու էի բաց դատավարություն՝ հանրությանը նախաքննության անհիմն մեղադրանքները ներկայացնելու նպատակով։ Այժմ էլ նախաքննության ավարտից հետո, եթե մեղադրական եզրակացություն կկազմվի, եւ այն դատախազության կողմից հաստատվելով՝ գործը կուղարկվի դատարան, պահանջելու եմ դռնբաց, հրապարակային դատավարություն՝ իհարկե, հաշվի առնելով պետական ու ռազմական գաղտնիքի հետ կապված սահմանափակումները:

Մամուլում կարելի է հանդիպել կարծիքների այն մասին, որ Ձեզ փորձում են «քավության նոխազ» դարձնել 2020 թվականին կրած պարտության համար: Ի՞նչ կասեք այդ առիթով:

 «Քավության նոխազ» գտնելու տեսանելի ցանկությունն, այսպես ասած, սավառնում է քաղաքական դաշտում, բայց, կարծում եմ, այս առումով լինելու են անակնկալներ։ Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ եւ պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ Դրա վառ ապացույցն է այն, որ գործում ունենալով տեղեկություններ, որ «անպիտան» որակված հրթիռները գտնվել են ժամկետի մեջ, անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում են կիրառվել եւ լուծել մարտական խնդիր, այդուհանդերձ վարույթն իրականացնող մարմինը հայտարարություն է տարածել, թե «ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին եւ ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաեւ այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել եւ դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ»:

Վստահ եղեք, որ պատերազմի այլ արդյունքի պարագայում այսպիսի քրեական գործեր չէին հարուցվի։ Հակառակորդի գլխին թափվել է եւ նրան ոչնչացրել է շատ ավելի վաղ արտադրության զինամթերք։

Ինչպես ասել եմ դեռեւս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Բայց միայն իմ արածի եւ ոչ թե չարածի համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր