211652_close_icon
views-count21960 դիտում article-date 16:28 31-12-2021

Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին․ Մամիկոն Ասլանյանի ուղերձը՝ «Վարդաշեն» ՔԿՀ–ից

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել «Վարդաշեն» ՔԿՀ–ի։ Ուղերձում ասվում է․ 

«Սիրելի՛ վանաձորցիներ, Դարպաս, Գուգարք և Շահումյան համայնքների սիրելի՛ բնակիչներ,

Ավարտին է մոտենում 2021 թվականը, որը, կարծեք թե, պիտի վերջնարդյունքում մեր խոշորացված համայնքին տար ապագայի, մեր համատեղ ծրագրերի նկատմամբ տեսլական, առարկայական փոփոխությունների մեկնարկ, բայց, ցավոք, մեր շուրջը տեղի են ունենում իրադարձություններ, որոնք դժվար է նկարագրել բանականության շրջանակներում: Ինչևէ, մենք իրավունք չունենք շեղվելու մեր համայնքը զարգացնելու և շենացնելու ուղուց:

Իմ նկատմամբ տեղի ունեցող տհաճ երևույթները ես ընդունում եմ որպես ոտնձգություն ոչ թե իմ անձի, այլ մեր ողջ համայնքի նկատմամբ: Ես ինձ այստեղ միայնակ չեմ զգում, ինձ միշտ ուղեկցում է մեր բոլոր համակիրների էներգիան, ջերմությունը:

Անցյալում թողնելով բացասական ողջ լիցքերը՝ շնորհավորում եմ մեր բոլոր համաքաղաքացիների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ մեր մեծ երկրին բարօրություն, մեր փոքր հայրենիքին՝ շենություն, բարեկեցություն, իսկ յուրաքանչյուրիդ՝ առողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ:

Մենք ներելու ենք բոլոր այն մարդկանց, ովքեր անձնական նեղություն ու տհաճություն են պատճառել մեզ, բայց մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, ովքեր դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին, ովքեր հանցավոր անտարբերություն են դրսևորում մեր քաղաքների ու գյուղերի նկատմամբ:

Աստված պահապան բոլորիս:

Եվս մեկ անգամ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Միշտ ձեր՝ Մամիկոն Ասլանյան

31.12.2021, «Վարդաշեն» ՔԿՀ»։

Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է դեկտեմբերի 16-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր