211652_close_icon
views-count1889 դիտում article-date 20:35 27-12-2021

ՀՅԴ Բյուրոն պահանջում է գաղտնազերծել Հայաստան-Թուրքիա սպասվող բանակցությունների ուղենիշերը, մերժել նախապայմանները

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պարբերաբար նախանշել է այն մարտահրավերները, որոնք կապված են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ՝ հատկապես Հայաստանի գործող իշխանությունների մասնակցությամբ։ Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարությունում։

«Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ պաշտոնական Անկարան ոչ միայն չի հրաժարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր հայտնի երեք նախապայմաններից (Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելուց հրաժարում, Արցախի ենթակայություն Ադրբեջանին եւ Հայաստան-Թուրքիա առկա միջպետական փաստացի սահմանի իրավական ամրագրում), այլեւ ավելացրել է չորրորդը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում։ Ավելին, Թուրքիայի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն Ադրբեջանի հետ համադրելու վերաբերյալ, փաստում են, որ խոսքը ոչ թե գնում է Հայաստան-Թուրքիա միջպետական բանակցությունների, այլ թշնամական տանդեմի կողմից Հայաստանին հարկադրվող նոր անձնատվության մասին։


Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման այս գործընթացն ի սկզբանե անառողջ է եւ խիստ վտանգավոր։ Դա արվում է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված միջազգային քաղաքական եւ անվտանգային մի իրավիճակում, երբ երկիրը պարտության տարած օրվա իշխանությունը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով զուրկ է հայության կենսական շահերն արդյունավետ պաշտպանելու կարողականությունից։

Ակնհայտ է, որ ներկա պայմաններում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հղի է աշխարհաքաղաքական, անվտանգային, քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային բազմաթիվ մարտահրավերներով եւ անխուսափելիորեն կհանգեցնի անշրջելի վտանգավոր հետեւանքների ու ինքնիշխանության կորստի։

Առկա մտահոգություններն ավելի են խորանում ՀՀ իշխանությունների անպատասխանատու քաղաքական վարքի եւ հաշվետվողականության ի սպառ բացակայության պայմաններում։ Հայաստանի կողմից հատուկ բանագնացի ընտրությունն էլ հուշում է այն մասին, որ հայկական կողմն ըստ էության մասնակցում է արդեն իսկ կանխորոշված մի գործընթացի, որի հնարավորինս հայանպաստ վերջնարդյունքի ապահովման համար պրոֆեսիոնալ դիվանագետի ընտրության կարիք չի զգացվում։

Այս պայմաններում ՀՅԴ Բյուրոն ՀՀ իշխանություններից պահանջում է․

1. Անմիջապես քողազերծել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղենիշները.

2. Անվանապես եւ ամբողջությամբ մերժել թուրքական նախապայմանները.

3. Քաղաքական շեշտադրում անել առ այն, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումը կապակցված չի կարող լինել որեւէ երրորդ կողմի հետ։

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում անառարկելիորեն պետք է հաշվի առնվի ՀՀ Սահմանադրական դատարանի՝ Ցյուրիխյան արձանագրությունների սահմանադրա-կանության հարցի վերաբերյալ 2010 թ․ հունվարի 12-ի որոշումը. ՀՀ-ի բոլոր քայլերը պետք է ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ մեր ժողովրդի իրավունքների կանխորոշումը ոչ մի իշխանության մենաշնորհը չէ։ Հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել միայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախոհությամբ, առանց թուրքական նախապայմանների եւ մեր սերունդների իրավունքների ոտնահարման։

Հետեւաբար պետք է պատրաստ լինել համահայկական ընդվզման, եթե ՀՀ իշխանությունները փորձ անեն հայ ժողովրդի իրավունքների ոտնահարման ներկա դիրքորոշմամբ զարգացնել հայ-թուրքական՝ թշնամու կողմից պարտադրված օրակարգը։

Չենք կարող չանդրադառնալ նաեւ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից պարբերաբար հնչեցվող եւ վերջերս առավել եւս ինքնախոստովանված խիստ վտանգավոր, իրականությունը խեղաթյուրող եւ հայկական շահերը ոտահարող դիրքորոշումներին, ինչը կասկածի տակ է դնում Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ միջազգային ճանաչման հասնելու լեգիտիմ իրավունքը։

Վերահաստատում ենք, որ ՀՀ գործող իշխանությունների կողմից գրավոր եւ բանավոր որեւէ համաձայնություն, որը կխախտի Արցախի Հանրապետության վերաբերյալ իրավական հիմնարար նորմերը եւ կամ հարցականի տակ կդնի Թուրքիայից հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հատուցումների պահանջների իրավականությունը՝ ի սկզբանե առ ոչինչ է»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր