211652_close_icon
views-count1885 դիտում article-date 16:20 06-12-2021

Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

«Հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի երկարամյա պատմություն, Հայաստանի համար Ֆրանսիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ են, այդ առանձնահատուկ դերը ես տեսել եմ նաև նախկին աշխատանքիս ժամանակ՝ օրենսդիր մարմնում։ Ֆրանսիան մեր կողքին է եղել մեզ համար ամենադժվար օրերին՝ թե պատերազմական ժամանակաշրջանում, թե համավարակի հետ պայքարում, թե տասնամյակներ առաջ՝ երկրաշարժի օրերին։ Այստեղ Շիրակի մարզն է զգացել բարեկամ ժողովրդի ջերմ վերաբերմունքն ու աջակցությունը։ Մենք պատրաստ ենք համագործակցության հատկապես ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով, որը շատ եմ կարևորում և լիահույս եմ, որ մեր գործակցությունը կլինի արդյունավետ, արգասաբեր և հեռանկարային»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։

Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ ջերմ ընդունելության և հյուրընկալ վերաբերմունքի համար. «Ինքս էլ շատ ուրախ եմ Ձեզ հանդիպելուս: Ասեմ, որ Երևանից հետո Գյումրին առաջին քաղաքն է, որ այցելել եմ։ Ուրախ եմ արձանագրելու, որ համագործակցության պատրաստակամություն կա, վստահ եմ՝ համատեղ ջանքերով կկարողանանք նոր ծրագրեր իրականացնել, քանի որ ինքս էլ մարզային մակարդակով համագործակցությունը շատ եմ կարևորում»։

Զրուցակիցները քննարկել են կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման բնագավառներում համագործակցության հնարավոր տարբերակներ ու կարևորել առաջիկայում գործնական քայլերի ձեռնարկումն ու ծրագրերի իրականացումը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր