211652_close_icon
views-count4544 դիտում article-date 10:48 04-12-2021

Սոված հասարակության գլխավոր շահառուն Նիկոլ Փաշինյանն է․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Կյանքի թանկացումն իրականում միայն առաջին հայացքից է սոցիալական խնդիր։ Այն ոչ միայն քաղաքական է իր դրդապատճառով, այն իմաստով, որ նաև տնտեսական քաղաքականության տապալման հետևանք է, այլ որովհետև ունի քաղաքական շահառուներ՝ ի դեմս իշխանության։ Սոցիալական ծանր պայմաններում ապրող հասարակությունը խիստ խոցելի է ու ենթակա է ցանկացած մանիպուլյացիայի։

Ահա այդպիսի հասարակությունն ապրում է առաջնային պահանջմունքների բավարարման կենսական անհրաժեշտությամբ ու օբյեկտիվորեն խիստ անտարբեր է դառնում երկրորդային պահանջմունքների, արժեքների հանդեպ։

Ավելի պարզ ասած, սոված հասարակությանը քիչ է հուզում, որ հերթական ստորագրությամբ կամ բանավոր պայմանավորվածությամբ Նիկոլ Փաշինյանը կարող է հանձնել հերթական բնակավայրը կամ ճանապարհը Սյունիքում, որովհետև այդ հասարակության մտահոգությունը ոչ թե հեռավոր Սյունիքն է, այլ մոտակա խանութը, որից հաց գնելը ավելի դժվար է դառնում ամեն օրվա հետ։

Այսինքն, սոված հասարակության գլխավոր շահառուն Նիկոլ Փաշինյանն է։ Նա դեռևս կարողանում է այդ նույն հասարակությանը հավատացնել, որ ինքը ևս սոված է, ու Ալենի համար շուրջ 180.000 դոլարանոց ավտոմեքենա է գնում, որպեսզի վերջինս դիմանա սովին։

Բայց ամենակարևորը՝ սոցիալական վատթարացող պայմանների պատճառով ավելի անտարբեր դարձող հանրային վերաբերմունքը, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը Փաշինյանն օգտագործում է՝ պետության հետ անելով այն ամենը, ինչն անհնար կլիներ ապահոված, հետևաբար՝ նաև երկրորդային պահանջմունքներ ունեցող հասարակության պարագայում։

Դա նշանակում է, որ իրականում իշխանությունը ոչ միայն բացարձակապես շահագրգռված չէ հասարակության սոցիալական պայմանների բարելավմամբ, այլ ճիշտ հակառակը՝ կարող է անել առավելագույնը այդ պայմանները ավելի վատթարացնելու, կյանքը ավելի դժվարացնելու ու պետության վախճանն ավելի հեշտացնելու համար։ Սա էլ հայկական իրականության հերթական, ամենագլխավոր նոնսենսներից մեկն է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր